Գևորգ Գևորգյան
_
_

Գևորգ Գևորգյանը ծնվել է 1975 թվականի օգոստոսի 7-ին, Երևան քաղաքում:

1992 թվականին ավարտել է Երևանի Կրուպսկայայի (այժմ՝ Նիկոլ Աղբալյանի) անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը

Նույն թվականին ընդունվել Է «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ։

Ուսումնառության տարիներն հաճախ են ընդմիջվել, մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության (Նոյեմբերյանի, Երասխավանի, Եղեգնաձորի), ինչպես նաև՝ Արցախի ազատագրության համար մղված մարտերին:

Որպես հետախուզական խմբի ավագ, իրականացրել բազմաթիվ մարտական հատուկ գործողություններ: Ուսանել է նաև ՆԳՆ Ներքին զորքերի «Սպայական բարձրագույն դպրոց»- ում։

Արցախյան առաջին պատերազմի ավարտից հետո Գ․ Գևորգյանն իր ավանդն է ներդրել երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում, կենսագործել ռազմամարտական տասնյակ ծրագրեր և նախաձեռնություններ, ինչպես նաև՝ հանդես եկել ռազմական բնույթի փորձագիտական վերլուծություններով:

2000-2008 թվականը զբաղվել է նաև ձեռնարկատիրական գործունեությամբ:

2009 թվականին հիմնադրել է «ԳՄԴ» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնը, որը 2011 թվականից իրականացրել է ազգային դաստիարակության, ռազմամարտական պատրաստականության ծավալուն ծրագրեր: Կենտրոնի կազմում գործել է նաև «Ազատամարտի մասնակիցների միավորում» կրթական կառույցը, որտեղ հազարավոր երիտասարդներ հնարավորություն են ունեցել մասնակցելու ռազմամարզական պատրաստության դասընթացների:

2016 թվականի ապրիլին մեկնել է Արցախ, մասնակցել արցախյան քառօրյա պատերազմին:

2018 թվականին «Ազգ-Բանակ» հայեցակարգի շրջանակում «ԳՄԴ» երիտասարդական կենտրոնում մեկնարկել է նաև մարտական պատրաստության ընդարձակ ծրագիրը, որի նպատակը նախազորակոչային տարիքի երիտասարդների համար ռազմամարտական պատրաստականության համապարփակ դասընթացներ կազմակերպելն էր:

2020 թվականի հուլիսի 7-ին հիմնադրել է «Ազգային ճակատ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը:

Մասնակցել է նաեւ արցախյան 44-օրյա պատերազմին։

Մարտական խիզախ գործողությունների և երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայության» պետական պարգևով:

Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում և ռազմահայրենասիրության բնագավառում ներդրած զգալի ավանդի համար պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան», «Ծովակալ Իսակով», «ՀՀ Զինված ուժերի 20 տարի», «Արցախյան մայրերի երախտագիտություն» և այլ գերատեսչական մեդալներով: