«Համահայկական ճակատ» շարժում ԾՐԱԳԻՐ

«Համահայկական ճակատ»
շարժում
ԾՐԱԳԻՐ
7 Հունիս, 2024

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

......................................................................................

Հայաստանի տնտեսության վիճակը և «Համահայկական ճակատ» շարժման առաջնահերթությունները.

1. Արդյունաբերություն.

1.1. Օգտակար հանածոների արդյունահանում և վերամշակում.

1.2. Էլեկտրաէներգետիկա..

1.3. Մեքենաշինություն.

1.4. Քիմիական արդյունաբերություն.

1.5. Ռադիոէլեկտրոնային արդյունաբերություն.

2. Գյուղատնտեսություն և անտառային տնտեսություն, ոռոգում, պարենային անվտանգություն.

2.1. Ագրոարդյունաբերական համալիր.

2.2. Անասնաբուծություն.

2.3. Սննդային արդյունաբերություն.

2.4. Արդի խնդիրներ.

3. Շինարարություն, ենթակառուցվածք և տրանսպորտ..

3.1. Շինարարության ոլորտ..

3.2. Ենթակառուցվածք.

3.3. Տրանսպորտ և բեռնափոխադրումներ.

3.4. Կապի միջոցների և ցանցերի զարգացում.

3.5. Մասնակցություն միջազգային նախագծերում.

4. Ֆինանսավարկային և հարկային համակարգ.

5. Կրթություն, գիտություն, գրականություն, արվեստ և մշակույթ..

5.1. Հիմնական կրթություն.

5.2. Միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն.

5.3. Գիտության զարգացում.

5.4. Մշակույթ, գրականություն և արվեստ..

6. Գաղափարախոսություն և դաստիարակություն.

6.1. Գաղափարախոսություն.

6.2. Ազգային քաղաքականություն и բարիդրացիական հարաբերություններ.

7. Ժողովրդագրություն, առողջապահություն և կյանքի երկարատևության ավելացում, հասարակական քաղաքականություն.

7.1. Հայաստանի բնակչություն.

7.2. Ընտանեկան և ժողովրդագրական քաղաքականություն.

7.3. Առողջապահություն, բժշկություն և սոցիալական ապահովություն.

7.4. Բնակարանային խնդիր.

7.5. Արցախցի փախստականների խնդիրներ.

8. Ժողովրդի նյութական բարեկեցության բարձրացում և սոցիալական անհավասարության հաղթահարում .

8.1. Աշխատավարձ.

8.2. Աշխատանքային պայմանների բարելավում և աշխատաժամերի կրճատում.

9. Պետական կառավարում.

9.1.Պետական կառավարման նոր մոդելի հիմնարար սկզբունքներ.

9.2. Նախագահական իշխանություն և ղեկավար կադրեր.

9.3. Ժողովրդավարական սկզբունքները պետական կառավարման համակարգում.

9.4. Հանրային վերահսկողություն.

9.5. Անձի ազատություն.

9.6. Երիտասարդական կազմակերպություններ.

10. Պաշտպանություն և անվտանգություն.

10.1. Ռազմական անվտանգության հայեցակարգ.

10.2. Հայաստանի Զինված Ուժերի և պաշտպանունակության ամրապնդում.

10.3. Ռազմարդյունաբերական համալիր.

10.4. Ռազմական կադրերի պատրաստում.

10․5. Միջազգային ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություն.

11. Հայաստանի հասարակության կյանքում Շարժման դերի բարձրացում 

 


 

Հայաստանի տնտեսության վիճակը և «Համահայկական ճակատ» շարժման առաջնահերթությունները

 

Պետության տնտեսության ընդհանուր վիճակն ուղղակիորեն ազդում է պաշտպանության և անվտանգության, արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ծառայությունների և զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև բնակչության առողջության և բարեկեցության մակարդակի բարձրացման վրա:

2020-2023 թթ․ Հայաստանը լուրջ ցնցումներ ապրեց՝ պայմանավորված 44-օրյա պատերազմով, տարածքային կորստներով, սահմանին մշտական ​​լարվածությամբ և ազգային անվտանգության ոլորտում ավանդական դաշնակիցների հետ հարաբերությունների համակարգային վատթարացմամբ։ Այս ժամանակահատվածում Հայաստանի տնտեսական վիճակին ազդել են օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ․ տրանսպորտային և տարանցիկ կապի խոչընդոտներ, հակառուսական պատժամիջոցներ, Ռուսաստանից 110 հազար վերաբնակիչների և Արցախից 103 հազար փախստականների հոսքը, ինչպես նաև հստակ պետական ​​տնտեսական ռազմավարության բացակայություն և անձեռնհաս արտաքին քաղաքականություն։

Պաշտոնական տվյալներին համաձայն, 2023 թվականին Հայաստանի ՀՆԱ կազմել է 9,4 % (23,5 մլրդ դոլար)։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ շուկայական գներով կազմել է 8168 դոլար։ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 20,7 մլրդ դոլար (ինչը 46%-ով գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը), այդ թվում․ ներմուծում՝ 12,3 մլրդ դոլար (+ 40,2 %), արտահանում՝ 8,4 մլրդ դոլար (+ 55,3 %)։ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունն աճել է 43,3 %-ով։ Լավ ցուցանիշներ են, սակայն չեն արտացոլում երկրի տնտեսության իրական վիճակը։

Բանն այն է, որ Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց չի զարգանում։ Բարձր ցուցանիշները ոչ թե երկրի տնտեսական զարգացման, այլ վերաարտահանման գործառնությունների արդյունք են։ Այս գործառնությունները բերել են մոտ 8 մլրդ դոլար (ՀՆԱ-ի 34 %)։ Բացի այդ,  միգրանտների հոսքի պատճառով ¼-ով աճել է ներքին առևտուրը, որը կազմում է 3 մլրդ դոլար (12,8 %)։ Միևնույն ժամանակ վերամշակման արդյունաբերության ու գյուղատնտեսության բաժինը ՀՆԱ-ում կազմում է ընդամենը 4,6 մլրդ դոլար (19,6 %)՝ 2,6 և 2 մլրդ դոլար համապատասխան։ Եվս մոտ 1,3 մլրդ դոլար բերել է կապի և տեղեկատվության ոլորտը (5,5 %)։ Ընդհանուր առմամբ, դա կազմել է ՀՆԱ-ում վերաարտահանման մասնաբաժնի 70 %։

Որո՞նք են նման իրավիճակի պատճառները։ Զգալիորեն նվազել են գյուղատնտեսական արտադրանքի աճի տեմպերը․ գնային առումով՝ 0,2 %-ով։ Մսի, կաթի և խաղողի արտադրության ծավալները բնական մեծություններով (տոննայով) նվազել են 0,3 %-ով։ Պղնձի հանքաքարի արդյունահանումը նվազել է 13 %-ով։ Ֆինանսական և ապահովագրական ոլորտներում միջոցների շրջանառությունը նվազել է 7,9 %-ով։ Շինանյութի արդյունահանման ծավալն աճել է ավելի քան 1,5 անգամ, սակայն դրա արժեքը համեմատելի չէ արդյունահանված մոլիբդենի և պղնձի արժեքի հետ։ Ընդորում նվազել է պատրաստի շինանյութի արտադրությունը։ Զգալիորեն նվազել են նաև գնաճի տեմպերը՝ մինչև 2,1 %, սակայն դա պայմանավորված չէ տնտեսության վերելքով․ արտարժույթի պահանջարկը գերազանցել է առաջարկը՝ արտասահմանից ներմուծված 3,5 մլրդ դոլարի (ՀՆԱ-ի 14,9 %) շնորհիվ։

Փաստացի դրական դինամիկա է արձանագրվում միայն հյուրանոցային և ռեստորանային բիզնեսում, ինչպես նաև հանգստի և զվարճանքի ոլորտում, որտեղ աճը գերազանցել է 13,4 %, բայց դա չի վկայում մարդկանց եկամուտների և բարեկեցության աճի մասին: 2023 թ-ին Հայաստան այցելել է ավելի քան 2,2 մլն զբոսաշրջիկ, որոնց 51 % Ռուսաստանից է։

Հետևաբար, Հայաստանի տնտեսությունը բախվում է մի շարք բացասական գործընթացների հետ․ արդյունաբերության և գյուղատնտեսության լճացում, արժութային և ֆինանսական շուկայի աղավաղում։ Աշխարհաքաղաքական իրավիճակի ցանկացած փոփոխությունների դեպքում դրանք կարող են հանգեցնել տնտեսության ամբողջ համակարգի կտրուկ փլուզմանը։ Ահա թե ինչու, չնայած տնտեսական զարգացման բարձր տեմպերին, երկրի արտաքին պարտքն աճում է՝ գերազանցելով 15 մլրդ դոլարը 2023 թվականին (ՀՆԱ-ի 64 %): Այլ կերպ ասած՝ Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ, այդ թվում՝ նորածին երեխա, այսօր ավելի քան հինգ հազար դոլարի չափով պարտք ունի։

Տնտեսության բարգավաճման պոպուլիստական ​​պատկերը, որը ցուցադրում է իշխանությունը, կարող է շատ շուտով երկիրը գցել ճգնաժամի մեջ։ Դրան գումարվելու է հայկական տարածքների հերթական հանձնում՝ արտաքին ծախու քաղաքականության պատճառով։ Վտանգավոր միտումների զարգացումը կասեցնելու նպատակով «Համահայկական ճակատ» շարժումը ձևակերպեց իր նպատակներն ու առաջնահերթությունները՝ Հայաստանում նորարարական տնտեսական և սոցիալական քաղաքականության մշակման, պետական ​​անվտանգության և ​​կառավարման ապահովման ոլորտում:

Շարժման և Հայաստանի ժողովրդի հիմնական տնտեսական խնդիրը հետևյալն է․ հինգ տարվա ընթացքում ստեղծել անհրաժեշտ նյութատեխնիկական բազա՝ երկրի անվտանգությունն ապահովելու և ֆինանսատնտեսական ինքնաբավությանը հասնելու համար։ Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է կատարելագործել տնտեսության բոլոր ոլորտների, այդ թվում՝ ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպչական կառուցվածքը և տեխնոլոգիաները, զարգացնել արտադրության նոր, տնտեսապես արդյունավետ ոլորտներ, ռացիոնալ օգտագործել բնական, նյութական և աշխատանքային ռեսուրսներ։ Առանցքային են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են տեխնիկական առաջընթացի հետ մեկտեղ ապահովել բնակչության լիարժեք զբաղվածություն, արտադրության նոր մշակույթի ներդրում, գիտական, ճարտարագիտական և մասնագիտական կադրերի​​ պատրաստման համակարգի ստեղծում, ինչպես նաև ֆիզիկապես ծանր աշխատանքի նվազեցում։

Հայաստանի տնտեսական ներուժի հիմք է կազմում հանքարդյունաբերությունը։ Կարևոր է ընդլայնել բարձրորակ սպառողական ապրանքների արտադրությունը՝ բնակչության կարիքների լիարժեք բավարարման և հետագա արտահանման համար։

Տվյալ խնդրի լուծումը պահանջում է մեծ ներդրումներ, այդ թվում՝ արտաքին։ Գլխավորը միջոցների առավել արդյունավետ նպատակային օգտագործումն է։ Արդյունքում Հայաստանը կհասնի տնտեսական ինքնաբավության մակարդակի և կունենա պաշտպանության անհրաժեշտ ներուժ։

Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտները՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ենթակատուցվածքը, տրանսպորտը, կապը, շինարարությունը տեխնիկական վերազինման կարիք ունեն։

 


1. Արդյունաբերություն

Հայաստանի արդյունաբերության զարգացման տեմպերը տարեց-տարի նվազում են։ Բոլոր ցուցանիշներն աճում են միայն տարվա վերջին ամսում։ Զգալիորեն նվազել է մետաղների, թղթե արտադրանքի, հագուստի, օպտիկայի, համակարգիչների և էլեկտրական սարքավորումների արտադրությունը։ Բարձր աճ է գրանցվել միայն վարչապետի կողմից անձամբ աջակցվող ոսկերչական ոլորտում (5 անգամով), որտեղ, ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների, վերամշակվել է 141 հազար կարատ ադամանդ։ Սակայն, մաքսային մարմինների տվյալներով, 2023 թվականին երկրից արտահանվել է 3,7 մլն կարատ ադամանդ։ Կոռուպցիոն բաղադրիչն ակնհայտ է։ Երկիրն աստիճանաբար նահանջում է՝ կորցնելով արդյունաբերական պետության կարգավիճակը և վերածվելով տարանցիկ «գորշ» շուկայի։

 

1.1. Օգտակար հանածոների արդյունահանում և վերամշակում

Հայաստանի հանքարդյունաբերության զարգացումը ազգային տնտեսության կարեւորագույն խնդիրներից է։ Թեղուտի, Ախթալայի և Ագարակի հանքավայրերի արտադրողականությունը երրորդ տարին անընդմեջ նվազեցման միտում է ցույցաբերում։ Ադրբեջանի հավակնությունները հայկական տարածքների նկատմամբ բացասական են ազդում Սոթքի ոսկու հանքի և Արարատի ոսկու կորզման գործարանի աշխատանքին։ Արդյունաբերության ձեռնարկություններում աճել է վթարների թիվը, պարբերաբար իրականացվում են հարկային հետաքննություններ և այլ իրավական ընթացակարգեր, անտեսվում է աշխատանքի անվտանգությունը, չեն ներդրվում նոր տեխնոլոգիաներ։ Այս ամենը ազդում է արտադրության ծավալներին։ Հանքարդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում նվազել է մինչև 3,5 %։

Շարժումն անհրաժեշտ է համարում ի հայտ բերել և վերացնել նվազման համալիր պատճառները, խթանել ձեռնարկությունների վերազինումը, ներդրումներ ներգրավել թեթև, գունավոր և հազվագյուտ մետաղների արտադրության ոլորտ, ինչը թույլ կտա հանքաքարի և հումքի արտահանումից աստիճանաբար անցնել պատրաստի արտադրանքի արտադրությանը։

 

1.2. Էլեկտրաէներգետիկա

Հայաստանի էլեկտրաէներգետիկան չիրացված հսկայական ներուժ ունի։ Էլեկտրաէներգիայի արտադրությունը գերազանցում է սպառումը, ինչը նվազեցնում է ոլորտի շահաբերությունը։ 2023 թվականին արտադրվել է 8,8 մլրդ կՎտ/ժ, վաճառվել է ընդամենը 6,4 մլրդ կՎտ/ժ։ Արտահանման ծավալները նվազել են 19,6 %-ով։ Իշխանության տնտեսական և քաղաքական սխալները հանգեցնում են սակագների անհիմն բարձրացմանը՝ սպառողների հաշվին կորցրած շահույթը փոխհատուցելու մնպատակով։

2022 թվականին սկսված էլեկտրաէներգիայի շուկայի կոռուպցիոն ազատականացման արդյունքում Երևանի ՋԷԿ-ը գրեթե մեկ քառորդով կրճատեց էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ հօգուտ Siemens-ին և Renco-ին պատկանող նոր ArmPower էներգաբլոկի, որի արտադրությունն ավելացել է մեկուկես անգամ։ Պետությունը պարտավորվել է բլոկի բեռնվածություն ապահովել նախագծային հզորության առնվազն 90 %-ով, որպեսզի ներդրողները ստանան երաշխավորված եկամուտ, հակառակ դեպքում նրանք էներգիան կվաճառեն ավելի բարձր գնով։ Համաձայնեցված գինն այժմ կազմում է 5,7 ցենտ մեկ կՎտ/ժ-ի համար:

Հրազդանի ՋԷԿ-ում էլեկտրաէներգիայի արտադրությունը գրեթե 2 անգամ նվազել է՝ Վրաստան արտահանման նվազման պատճառով։ Որոտանի հիդրոէլեկտրակայանների կասկադում արտադրությունը նվազել է 27 %-ով, իսկ փոքր հիդրոէլեկտրակայաններում՝ 13 %-ով։ Պատճառը ջրի պահասությունն է։ Մեծամորի ատոմակայանը (Ադրբեջանը, Թուրքիան և ԵՄ-ն պահանջում են կանգնեցնել ԱԷԿ-ը), որն արտադրում է էլեկտրաէներգիայի մինչև 40 %՝ ՋԷԿ-ից գրեթե 5 անգամ ցածր ինքնարժեքով, վերանորոգման պատճառով կրճատել է թողարկությունը 5 %-ով։ Իշխանությունը պնդում է, որ բոլոր պատճառներն «օբյեկտիվ» են։ Դրական միակ բանն այն է, որ արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է գրեթե մեկուկես անգամ, բայց ընդհանուր արտադրության մեջ դա 5 %-ից էլ քիչ է ։

Չնայաճ սեփական էներգետիկ բավարար ներուժի, կառավարությունն արտաքին ներդրումներ է ներգրավում ցածր արդյունավետություն ունեցող ՋԷԿ-երի համար՝ ի վնաս ազգային էներգահամալիրի։ Հետևելով թուրք-ադրբեջանական տանդեմի առաջնորդությանը, այն սառեցնում է համագործակցությունը Ռուսաստանի հետ շահութաբեր ատոմային էներգետիկայի ոլորտում։ Բացի այդ, ոչ հրապարակային բանակցություններ են ընթանում Հայաստանի տարածքում ռադիոակտիվ թափոնների թաղման հնարավորության շուրջ։ Սա տնտեսական հանցագործություն է:

Ժամանակակից արդյունաբերության բարձր էներգատարողությունը պահանջում է էներգիայի արդյունավետ տեսակներ և վերականգնվող աղբյուրներ: Ատոմային էներգիայի հետագա զարգացումն ապահովում է էժան էլեկտրաէներգիա, նվազեցնում գազի ներկրումը ՋԷԿ-երի համար և երաշխավորում հեռանկարային նախագծերի իրականացում։ Տեղական (փոքր) ՀԷԿ-երի ներուժի լիարժեք օգտագործումը կբավարարի ներքին պահանջարկը, հատկապես հեռավոր շրջաններում: Կստեղծվի արտահանման կայուն ներուժ, ինչը թույլ կտա փոխանակել էլեկտրաէներգիան էներգետիկ ռեսուրսների այլ տեսակի հետ։ Նման մոտեցումը ստեղծում է էլեկտրաէներգիայի ներկայիս գների պահպանման և դրանց աստիճանական իջեցման անհրաժեշտ պայմաններ։

Էներգետիկ ինքնաբավության գործոնը և ատոմային էներգիայի առաջնահերթությունը հնարավորություն են տալիս մրցունակ գներով էլեկտրաէներգիա արտահանել Վրաստան, Իրան, ինչպես նաև Թուրքիա և Ադրբեջան, դարձնել այն բյուջեի եկամուտի զգալի մաս։

Շարժումը բոլոր ջանքեր է գործադրելու, որպեսզի մինչև 2027 թվականը վերականգնել Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը, ուսումնասիրել «Ռոսատոմ»-ի առաջարկները Մեծամորի ԱԷԿ-ի երրորդ էներգաբլոկի կամ փոքր ատոմակայանների ցանցի կառուցման վերաբերյալ և ավելացնել դրանց մասնաբաժինը մինչև 50 %։ Հարկավոր է արդիականացնել գլխավոր և բաշխման ցանցերը Հայաստանի բոլոր մարզերում՝ միասնական էներգահամակարգ կառուցելու և էներգիայի արտահանման ուղիների հզորությունն ավելացնելու նպատակով։

 

1.3. Մեքենաշինություն

Մինչև 1990 թվականը Հայաստանում գործել են մեքենաշինության, հաստոցաշինության, ավտոմոբիլաշինության և ավիաշինական արդյունաբերության ձեռնարկություններ, արտադրվում էին համակարգիչներ և դրանց բաղադրամասեր, ռադիոէլեկտրոնիկա, գործիքներ, էլեկտրական և օպտիկամեխանիկական սարքավորումներ։ Գործարաններին կից գործում էին հզոր գիտահետազոտական ​​ենթակառույցներ և նախագծային բաժիններ։ Այժմ արդյունաբերական բազայի կորուստները գերազանցում են 70 %։ Ներկայումս տարբեր արդյունավետությամբ գործում են տասից մի փոքր ավելի մեքենաշինական խոշոր ձեռնարկություններ, որոնք դեռևս ունակ են արտադրել բարձր ճշգրտությամբ հաստոցներ, բարձր ճնշման սարքավորումներ, ջրի մաքրման սարքավորումներ, էլեկտրական և կիսահաղորդչային սարքեր:

Շարժումը կարծում է, որ իրավիճակը կարող է շտկել Ռուսաստանում և ԵԱՏՄ երկրներում սպառողների հետ կորցրած կապերի վերականգնումը՝ նոր, փոխշահավետ տնտեսական մոդելի հիման վրա։ Դա թույլ կտա ներդրումներ ներգրավել, վերականգնել ավիաշինության որոշ ոլորտներ, էլեկտրոնային համակարգերի արտադրություն և ավտոմատացում, մի շարք ոլորտներում ներմուծվող ապրանքները հայկական արտադրանքով փոխարինել․ տրանսպորտում, կոմունալ տնտեսությունում, գյուղատնտեսությունում, առողջապահության, շինարարության, տեխնիկական անվտանգության մեջ և այլն: Հայաստանում գործում են 22 ձեռնարկություններ, որոնք գերակա են համարվում Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրների հետ համագործակցության առումով։ Այլ դեպքում գործարանները ստիպված են լինելու փոխել մասնագիտացումը և անցնել այլ մրցունակ ապրանքների արտադրմանը։

 

1.4. Քիմիական արդյունաբերություն

Հայաստանի քիմիական արդյունաբերությունն արտադրում է այսօր ջերմատեխնիկական նյութեր, պլաստմաս և պլաստմասից արտադրանք, պարարտանյութեր, կենցաղային քիմիական ապրանքներ և կոսմետիկա։ Երկու խոշորագույն քիմիական գործարաններ՝ «Նաիրիտ» և «Վանաձոր-Քիմպրոմ» դադարել են գործել 2010 թվականին և ենթակա չեն նախկին տեսքով վերականգնմանը։ Այնուհանդերձ դրանց արտադրանքի պահանջարկը պահպանվում է։ Տվյալ գործարաններն ունեն բոլոր անհրաժեշտ արդյունաբերական հաղորդակցություններ, որը հնարավորություն է տալիս վերսկսել լայնածավալ արտադրություն։ Որպես հումքային բազա կարող են ծառայել Ռուսաստանից և Իրանից ներմուծված բնական գազը։

Շարժումը կարծում է, որ քիմիական արդյունաբերության վերականգնումը թույլ կտա ապահովել երկրի գյուղատնտեսությունն ու հանքարդյունաբերությունը ամոնիակով և դրա ածանցյալներով, ազոտական ​​պարարտանյութերով, կաուստիկ սոդայով, քացախաթթվով և ֆորմալդեհիդներով և սկսել այդ ապրանքների արտահանումը: Անհրաժեշտ է պետական ​​բյուջեի միջոցներով վերականգնել «Նաիրիտ» գործարանը, որն արտադրում էր համաշխարհային կաուչուկի մինչև 10 % և նախկին ԽՍՀՄ-ին մատակարարում կարբինոլ, քլորակիր, լատեքս և կաուստիկ սոդա։ Քիմիական արդյունաբերության հնարավորությունների լիարժեք օգտագործումը թույլ կտա արտադրել մետաղ և փայտ փոխարինող նոր տեսակի ապրանքներ, ինչպես նաև համաշխարհային շուկայում պահանջարկ ունեցող հանքային պարարտանյութեր և բույսերի պաշտպանության քիմիական միջոցներ:

 

1.5. Ռադիոէլեկտրոնային արդյունաբերություն

Մինչև 90-ական թվականները Հայաստանի ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունն ուներ զարգացած արտադրական և հզոր գիտական ​​բազա, որի հիմքում էր Երևանի ավտոմատացված կառավարման համակարգերի ԳՀԻ-ը՝ հաշվիչ մեքենքների նախագծման ոլորտում առաջատար հաստատություններից մեկը։ Երկիրն արտադրում էր արդիական թվային համակարգչային համակարգեր։

Այսօր Հայաստանը չորրորդն է Ռուսաստանին կիսահաղորդիչների մատակարարման առումով, սակայն դրա մեծ մասը կազմում է վերարտահանումը։ Երկիրը կիսահաղորդչային բաղադրիչներ չի արտադրում, թեև դրա համար կան բոլոր հնարավորություններ։ Լավ արդյունքներ են ցույց տալիս Էջմիածնի գործիքաշինական գործարանը, «Գորիսի ԳԱՄՄԱ», «Էլեկտրոպրիբոր» և «Ռաստր» գործարանները, բայց դրանք հիմնականում զբաղվում են պրոֆիլային բաղադրիչների արտադրությամբ և պատրաստի արտադրանքի հավաքմամբ։

Ռուսաստանի շուկան հետաքրքրված է Հայաստանում ռադիոէլեկտրոնային արդյունաբերության բաղադրիչների մշակման, արտադրության, ինչպես նաև քվանտային համակարգիչների և բիոէլեկտրոնիկայի հեռանկարային տեխնոլոգիաների ոլորտում արդյունաբերական կոոպերացիայի ստեղծման գործով: Շարժումը դիտարկում է այս փաստը որպես արդյունաբերության որակական նոր մակարդակի անցնելու գործոն։ Կարևոր է միկրո- և նանոկիսահաղորդչային սարքերի արտադրության զարգացումը։

Հարկավոր է Հայաստանի ռադիոէլեկտրոնային արդյունաբերության մեջ լայնորեն կիրառել նորագույն թվային տեխնոլոգիաներ։ Աշխարհաքաղաքական փոփոխությունների շնորհիվ այս ոլորտը զարգացման հզոր խթան է ստացել։ Հայկական ՏՏ ընկերությունների շրջանառությունը գերազանցել է մեկ մլրդ դոլար։ Դրան նպաստել է Ռուսաստանից Հայաստան տեղափոխված մասնագետների և ընկերությունների հոսքը։ Անհրաժեշտ է գրագետ ու զգույշ կերպով օգտագործել այս հնարավորությունը և երկրում ստեղծել ժամանակակից գիտատեխնոլոգիական պարկեր։ Բարձր տեխնոլոգիաների ընկերություններին պետական ​​նպատակային աջակցությունը և նրանց գործունեության ​​կարգավորումը կօգնի ընդլայնել երկրի գիտատեխնիկական ներուժը։

Ռադիոէլեկտրոնային արդյունաբերության զարգացումը կարող են խթանել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի մասնագիտացված ձեռնարկությունները, որոնց ներուժը բավարար է ազգային բանակը անօդաչու թռչող սարքերով, ժամանակակից ՌՏԿ-ով, ալեհավաքային համակարգերով, կապի միջոցներով, լազերային սարքերով ապահովելու համար։ Պետք է ոչ թե գնել դրանք, այլ արտահանել, իրականացնել դրանց վերանորոգման ու վերականգնման բոլոր աշխատանքներ։ Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանի, «Ավտոմատիկա ԳՀԻ», «Լազերային տեխնիկա», «Պատնեշ» ՓԲԸ-ների և այլոց ներուժը հնարավորություն է տալիս կոնվերսիոն արտադրություն կազմակերպել քաղաքացիական նպատակների համար: Հեռանկարային է թվում «Մարս» գործարանի վերականգնումը։

Շարժումը չափազանց կարևոր է համարում տնտեսության տարբեր ոլորտների համաչափ զարգացումը, պաշարների ստեղծումն ու պահպանումը՝ որպես երկրի անխափան և շարունակական զարգացման հիմք։ Առաջիկա երեք տարիների ընթացքում անհրաժեշտ է սահմանել արտադրական և տեխնիկական բազայի աճի տեմպեր, որը թույլ կտա մինչև 2030 թվականը կրկնապատկել արդյունաբերական արտադրանքի ծավալը և մինչև 2040 թվականը հասնել երկրի տնտեսության ամբողջական ինքնաբավության մակարդակին։ Այս ծրագրերի իրականացման համար պարտադիր նախապայման է աշխատանքի արտադրողականության բարձրացումը նորագույն տեխնոլոգիաների ներդրման և հեռանկարային ոլորտներում ներդրումներ անելու միջոցով։