Արշակ Կարապետյան. «Համահայկական ճակատ» շարժման հիմնական նպատակը հայոց պետականության և եկեղեցու պահպանումն է:Մաս I

Արշակ Կարապետյան.  «Համահայկական ճակատ» շարժման հիմնական նպատակը հայոց պետականության և եկեղեցու պահպանումն է:Մաս I
20 Հուլիս, 2024

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը «Russian.Armenia.info լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր Արամ Խաչատրյանը հանդիպել և հարցազրույց է վերցրել «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ – մայոր Արշակ Կարապետյանից: Հարցազրույցի ընթացքում քննարկվել են աշխարհաքաղաքական և սոցիալ-հասարակական սուր հարցեր, որոնք այժմ խիստ հուզում են ինչպես Հայաստանի քաղաքացիներին, այնպես էլ մեծաթիվ հայկական սփյուռքի ներկայացուցիչներին:

- Հայաստանում հուլիսի 5-ին նշում են Սահմանադրության օրը ։ Ի՞նչ կասեք դրա մասին:

Ուրախ եմ Ձեզ հյուրընկալելու համար: Ես շնորհավորել եմ հայ ժողովրդին, Սահմանադրությունը հիմնական փաստաթուղթն է, որն իմաստավորում է մեր անկախությունը, պետության կառուցվածքի կանոնները, իշխանության խորհրդանիշը։ Շատ արժանի և մեծ ժողովուրդներ չունեն իրենց պետությունը։ Մենք պետք է հպարտանանք, որ պատմականորեն ունենք այդ հնարավորությունը։ Միաժամանակ պետք է ասեմ, որ երբ այդ կարևոր փաստաթղթի հետ խաղում են, տուժում է ողջ ժողովուրդը։

Գիտեք, մեզ պարտադրել են Սահմանադրության մի տարբերակ դրսից, որը չի համապատասխանում հայերի մենթալիտետին։ Չեմ ուզում խոսել ինչ-որ մարդկանց մասին, ովքեր դա արել են անձնական շահերից ելնելով։ Պառլամենտարիզմը Հայաստանի համար չէ, դա իմ խորին համոզմունքն է։ Այնտեղ, որտեղ հայերը հանդես են գալիս որպես թիմ, մենք ամենուր պարտվում ենք։ Սկսած սպորտից, վերջացրած ինչ-որ այլ միջոցառումներից։ Հայաստանում հիմնականը անհատն է՝ եսի հասկացողությամբ: յուրաքանչյուր հայ իրենից շատ լուրջ անձնավորություն է ներկայացնում: Դրանից ելնելով՝ պետք է պետություն կառուցել։ Մենք պետք է ունենանք նախագահական պետություն։ Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանում իշխանության կարգը կսահմանի որպես նախագահական։ Եվ մենք պետք է ազգովի նախագահ ընտրենք ։ Համաձայնեք, պետության ղեկավար ընտրելն ավելի հետաքրքիր է, քան բոսյակների կոլեկտիվ, որոնք փողոցից սկսում են վազել տներով ու խնդրել, որ իրենց կուսակցության կամ թիմի օգտին քվեարկեն։ Միևնույն ժամանակ, թիմը կարող է տարբեր լինել: Ահա թե ինչ ունենք այսօր իշխանության մեջ։ Ապաշնորհ, անգրագետ իշխանություն։ Մարդիկ իրավիճակային են, այսինքն՝ նրանք չունեն մտածողության գլոբալ մակարդակ։ Առավելագույնը՝ կա ինչ-որ լեզվի իմացություն։ Այլ բան, ցավոք, նրանք չունեն։ Սահմանադրությունը պետք է պահպանել, իսկ վարչապետը բազմիցս խախտել է այդ Սահմանադրությունը, և ես վստահ եմ, որ կգա ժամանակը և նրանից խստորեն կհարցնեն դրա համար։ Եվ ամենակարևորը, իհարկե, Արցախի հանձնումն է, այն, ինչ արեց ներկայիս ռեժիմը՝ խախտելով Սահմանադրությունը։ Դրան երբեք ներում չի լինի:

- Հարգելի պարո՛ն Կարապետյան, հունիսի 21-ին Երևանում անցկացվեց «Համահայկական ճակատ» կուսակցության 2-րդ համագումարը: Ի՞նչ նպատակներ և խնդիրներ ունի «Համահայկական ճակատ» կուսակցությունը: Որոշ քաղաքագետներ նշում են, որ Հայաստանի կառավարությունը հատուկ խոչընդոտում է ձեր կուսակցության գործունեությանը։

Ես պետք է հաստատեմ, որ նման տեղեկատվություն կա, հուսով եմ, որ դա ճիշտ չէ: Որովհետեւ պետական ռեգիստրը պետք է գործի իրավական փաստաթղթով։ Այսպես ասեմ, առաջին համագումարը, որը մենք կազմակերպեցինք Հայաստանում, մենք չվիճարկեցինք։ Նրանք ասացին, որ սխալներ կան այստեղ, սխալներ կան այնտեղ և այլն: Մենք որոշեցինք չվիճարկել։ Որոշել ենք անել այնպես, ինչպես իրենք են ասում։ Մենք երկրորդ համագումարն անցկացրեցինք, ընդ որում ՝ իդեալական։ Մեզ մոտ այնտեղ արդեն աշխատում են պրոֆեսիոնալ իրավաբաններ, որոնք օգնում են մեր կուսակցականներին ձևակերպել այդ փաստաթղթերը ։ Կարծում եմ, որ դրանք կատարյալ կլինեն: Եթե դրանից հետո էլ կառավարությունը ինչ-ինչ պատճառներով չգրանցի կուսակցությունը – մենք դատի կտանք կառավարությանը։ Գնալու ենք նաև նրանց սիրելի եվրոպական դատարան։ Այնպես որ, մեր կուսակցությունը չգրանցել նրանք չեն կարող։

«Համահայկական ճակատ» շարժման հիմնական նպատակը հայոց պետականության և եկեղեցու պահպանումն է: Մենք գործող իշխանությանը հեռացնելու պարտադիր նպատակ չունենք։ Մեր հիմնական նպատակը հայոց պետականության պահպանումն է։ Բայց մենք կարծում ենք, որ այս պահին գործող իշխանությունը խոչընդոտում է դրան։ Ուստի կա կառավարության փոփոխության խնդիր՝ մեր նպատակներն իրականացնելու համար։ Այստեղ կա առանցքային կետ: Մենք չենք պայքարում, օրինակ, վարչապետի հրաժարականի համար։ Մենք պայքարում ենք պետության և հայ ազգի պահպանման համար, որպեսզի ազգը ապրի և բարգավաճի: Ահա թե ինչի համար ենք մենք պայքարում։ Եթե այդ ճանապարհին մեզ խանգարի գործող կառավարության ղեկավարը, նրան կհեռացնենք իշխանությունից, եթե խանգարի մեկ ուրիշը, կհեռացնենք նրան ։

- Բագրատ Սրբազանի գլխավորությամբ Հայաստանում վերջին բողոքի շարժումը մարեց: Հայ ժողովուրդը հույսեր ուներ։ Բայց, ցավոք, այն չարդարացավ։ Կոնկրետ ի՞նչ կարող եք առաջարկել հայերին ։

Պետք է պայքարել ներկայիս ռեժիմի ստեղծած համակարգի դեմ, որը նրան պաշտպանում է։ Սկզբունքորեն դա նախորդ ղեկավարներից ոչ մեկի մոտ չի եղել։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ պետության ղեկավարի ձեռքում են կենտրոնացված և նրան են ենթարկվում ֆինանսական հոսքերը, կադրային որոշումները, հակակոռուպցիոն կոմիտեն, դատախազությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, պաշտպանության նախարարը, վերահսկողական մարմինները և այլն։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում: Սա պետություն չէ։ Ես միայն մեկ կազմակերպություն գիտեմ, որն ինքն իրեն վերահսկում է, ինքն իր վրա փող ծախսում. դա խաղատներն են։ Ահա թե ինչ են նրանք ստեղծել: Իսկ խաղատներում տուժում են բոլորը, բացի սեփականատիրոջից։

Պետությունը նորմալ տեսքի բերելու համար անհրաժեշտ է փոխել այդ իշխանական համակարգը։ Պետության ղեկավարը նախագահն է, որին կենթարկվեն բոլորը: «Լավ աշխատանք է»՝ առավոտյան նստել եկել ես, երեկոյան հեռացել ես աշխատանքից, և դու նախագահ ես, ուրախանում ես, թիկնապահ ունես: Գիտեք, այսպիսի մի բան կա՝ ամեն ինչին կողմ եմ, ոչ մի բանի համար պատասխանատու չեմ, դա հայկական պետության այսօրվա ղեկավարի մասին է։ Այդպիսին է  նրա կառուցվածքը։ Ֆինանսները, տնտեսությունը պետք է կառավարի վարչապետը։ Նախագահը դա այն մարդն է, որը պետք է վերահսկի վարչապետին: Խորհրդարանը օրենսդիր մարմինն է: Խորհրդարանից էլ ինչ-որ քննչական մարմին են սարքել։ Թե ինչով են ընդհանրապես նրանք զբաղված այնտեղ, ես չգիտեմ ։

Ես ձեզ մի պատմություն պատմեմ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր, գրող Ալեքսեյ Տոլստոյի մասին: Նրա որոշ կասկածելի գործողությունների մասին Լավրենտի Բերիան զեկուցում է Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինին: Նա համամիութենական գրող էր: Ստալինը կանչում է Տոլստոյին և ասում. «Ինչպես չես ամաչում, դու դա արեցիր, դու դա արեցիր»: Ալեքսեյ Տոլստոյն ասում է. «Իոսիֆ Վիսարիոնովիչ, բայց ես ազնվական եմ ես չեմ կարող այդպես վարվել, դա ճիշտ չէ»: Իսկ Ստալինը հասարակ ընտանիքից էր, հասկանում եք, ըստ երևույթին իրեն անհարմար է զգացել։ Եվ այսպես, տասը անգամ Տոլստոյին կանչում են առաջնորդի մոտ։ Երբ Գերմանիայում սկսվեց Նյուրնբերգյան գործընթացը, յուրաքանչյուր հաղթող երկրից պատվիրակություններ սկսեցին հավաքվել այնտեղ։ Բնականաբար, այնտեղ ներկա էր ԽՍՀՄ պատվիրակությունը։ Տոլստոյը խնդրում է մասնակցում պատվիրակության: Երբ Նյուրնբերգյան դատավարությունն ավարտվում է և նա վերադառնում է Գերմանիայից, սովետական մաքսայինը կանգնեցնում  է նրան: Հիշում եք Ստալինի Հայտնի հրամանը՝ չթալանել Գերմանիան։ «Ես Խորհրդային Միության Գերագույն Խորհրդի պատգամավոր եմ։ Ինչպես կարող եք ինձ բաց չթողնել, միացրեք ինձ Իոսիֆ Ստալինի հետ»։ Միացնում են, Ստալինն ասում է. «Լսում եմ ձեզ, ընկե՛ր Տոլստոյ»: Տոլստոյը պատասխանում է. «Իոսիֆ Վիսարիոնովիչ այստեղ ինձ կանգնեցրել են, չեն թողնում»: Ստալինն ասում է. «խոսափողը փոխանցիր մաքսայինի աշխատողին»: Աշխատողը վերցնում է հեռախոսը: Ստալինը հարցնում է. «ի՞նչ է պատահել այդտեղ»։Աշխատողը զեկուցում է. «Իոսիֆ Վիսարիոնովիչ, մենք գործում ենք Ձեր հրամանի համաձայն։ Տոլստոյը իր հետ տանում է ունեցվածքի մի ամբողջ տարա: Դուք ասացիք, որ չի կարելի Գերմանիայից ոչինչ հանել» ։ Ստալինը պատասխանում է. «Լավ, թող նա այդ տարայից ընտրի իր համար մեկ հուշանվեր, որն ուզում է, իսկ մնացածը վերադարձրեք Գերմանիա և խոսափողը փոխանցեք նրան»: Խոսափողը վերցնում է Տոլստոյը. «Ընկե՛ր Տոլստոյ, Ես կարծում էի, որ դուք ազնվական եք։ Իսկ դուք ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր եք», - լսում է նա Ստալինի հռետորական հարցը:

Ես չեմ ուզում ասել, որ բոլոր հայ պատգամավորներն այդպիսին են, բայց դա նրանցից ոմանց հստակ բնորոշումն է և խորհրդարանում հայտնվելու նրանց մոտիվացիան։ Բնականաբար, երբ մարդկանց բազմություն է նստած, և նրանք կռվում են ինչ-որ տարաձայնությունների պատճառով, բայց ոչ ոք ոչ մի բանի համար պատասխանատու չէ, ավելի լավ է և հեշտ ընտրել մեկ լավ, ճիշտ մարդու:

 

Արշակ Կարապետյան. Ես հավատում եմ հայ ժողովրդի իմաստնությանը և դժվար փորձություններն ու ժամանակակից մարտահրավերները հաղթահարելու ունակությանը: Մաս II

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ «Russian.Armenia.info» տեղեկատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր Արամ Խաչատրյանի հարցազրույցի շարունակությունը :

- Վերջին չորս տարիների ընթացքում բազմաչարչար հայ ժողովրդին բաժին են ընկել ծանր փորձություններ։ Արցախի կորուստ, Ադրբեջանի կողմից հայկական տարածքի մի մասի գրավում։ Վարչապետի փաստացի հայտարարած «հպարտ հայերի» մասին թեզը վերածվել է «նվաստացած հայերի» մասին թեզի ։ Ի՞նչ միջոցներ կարելի է ձեռնարկել իրավիճակը դրական կերպով շտկելու համար:

Ես ուզում եմ ասել հետևյալը ՝ պետք է միշտ հավատալ հաղթանակին, սա ասում եմ որպես զինվորական։ Եթե դու հավատում ես հաղթանակին, և ոչ միայն հավատում ես, այլև օր ու գիշեր աշխատում ես հաղթանակի համար, ապա անպայման կհաղթես, դա ապացուցում է պատմությունը: Հիշեք, Երկրորդ համաշխարհային պատերազմը. թշնամին Մոսկվայի ու Լենինգրադի մատույցներում էր: Տեսեք, թե ինչպես ավարտվեց ամեն ինչ:

Մեր ժողովուրդը հավատաց իր հաղթանակին և հաղթեց։ 30 տարի մենք վերահսկում էինք Արցախը և դե ֆակտո այն մտել էր Հայաստանի կազմի մեջ։ Արցախի քաղաքացիներն ունեին հայկական անձնագրեր, պետական լեզուն հայերենն էր, բնակչությունը՝ հայեր, փաստացի այնտեղ ոչ մի ադրբեջանցի չի բնակվել։ Դե յուրե այլ բան էին ասում։ Ադրբեջանական ժողովուրդն այդպես էլ դա չճանաչեց որպես Հայաստանի տարածք։ Նրանք նույնիսկ վերացրել են ինքնավարության կարգավիճակը։ Այսինքն՝ նրանք հավատում էին, որ կգան այնտեղ և ամեն ինչ արեցին հաղթելու համար։ Պետք է հարգել հակառակորդին, որպեսզի նրան հաղթես։ Պետք է նրանից օրինակ վերցնել, ես դրանից չեմ ամաչում ։

Արցախը միայն հայկական տարածք չէ, այն մի ամբողջ երկիր ու աշխարհ է հայերի համար։ Մենք անպայման կվերադառնանք այնտեղ։ Դրա համար անհրաժեշտ է գիշեր ու ցերեկ աշխատել։ Առաջին քայլը դա մեր պետության անկախությունն է դիլետանտներից ու վախկոտներից, որոնք այսօր ղեկավարում են մեր երկիրը։ Ինչ վերաբերում է հետագա քայլերին, մենք ունենք Արցախի վերադարձի հստակ ճանապարհային քարտեզ։ Մենք ասելիք ունենք։

Պատմության մեջ պարբերաբար տարածքներ ենք կորցրել։ Հիշում եք 100 տարի առաջ թուրքական զորքերը մտան Գյումրի, որն այն ժամանակ կոչվում էր Ալեքսանդրապոլ։ Մենք կարողացանք նրանց դուրս հանել այնտեղից։ Դա ամենևին էլ վերջը չէ։ Հայաստանը տարածքների կորստից հետո եղել է և Պարսկաստանի, և Բյուզանդիայի կազմում ։ Մենք պատմական կորուստների միջով ենք անցել, մեզ մեկ անգամ չէ, որ վտարել են մեր հողերից, և դա է համախմբել մեր ժողովրդին։ Թող այդ մասին մտածեն ադրբեջանցիները։ Նրանք չունեն նման գոյատևում: Նայեք գերմանացիներին, Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառը Առաջին համաշխարհային պատերազմում գերմանացիների նկատմամբ անարդար վերաբերմունքն էր: Սկսեցին պատառոտել թույլին։ Նույնը հիմա տեղի է ունենում Հայաստանի հետ։ Թուրքերը մի կողմից, ադրբեջանցիները մյուս կողմից փորձում են ոչնչացնել Հայաստանը, վերցնել նրա տարածքները։

Ես կցանկանայի հանգստացնել պարոնայք ադրբեջանցիներին և ասել հետևյալը. Ադրբեջանցիների նման ազգ իրենց ներկայիս հողերում երբեք չի եղել։ Ես որևէ ժողովրդի վիրավորելու ցանկություն չունեմ։ Թող լինեն ադրբեջանցիներ, թուրքեր, ով ասես։ Ես խոսում եմ էլիտայի մասին։ Էլիտան, որը ժողովրդին հրահրում է այս կամ այն գործողությունների, այսօր հենվում է միայն հակահայկական գաղափարախոսության վրա։ Նրանք դրա վրա են պահում իշխանությունը։ Իրենք, ի դեպ, ադրբեջանցի չեն։ Երբեք ներկայիս Ադրբեջանի տարածքը չի ունեցել իր պետականությունը։ Կային խանություններ, այնտեղ կային թյուրքական էթնիկ ցեղեր։ Հիմնականում այդ տարածքը պատկանել է կամ Պարսկաստանին, կամ Ռուսաստանին։ Ի դեպ, որքան հիշում եմ, այն Օսմանյան կայսրության մաս չէր կազմում։ Հետագայում ամենայն հավանականությամբ, այդ հողերը կմտնեն Իրանի կամ Ռուսաստանի կազմի մեջ։ Եթե հանկարծ, Աստված մի արասցե, Հայաստանը դադարի գոյություն ունենալ, այդ պահից հետհաշվարկը կսկսվի նաև ադրբեջանական ժողովրդի համար։ Եթե Թուրքիան ստանա Ադրբեջանի հետ սահմանը, վաղ թե ուշ նա կուլ կտա Ադրբեջանին, եթե դրան վերջնականորեն չդիմադրեն Ռուսաստանը կամ Իրանը, ապա Ադրբեջան պարզապես չի լինի։ Հայաստանը հանդիսանում է Ադրբեջան Թուրքիայի ներթափանցման հիմնական բուֆերը, որը հատկապես այսօր նկրտումներ ունի Բաքվի նավթի նկատմամբ։ Այլ կերպ ասած, հենց որ նրանք ունենան ընդհանուր սահման, վերջ, համարեք, որ Ադրբեջանը չկա։ Բոլոր պետությունները՝ Իրաքը, Սիրիան, Լիբիան, որոնք հարուստ են ածխաջրածնային պաշարներով, փորձել է մասնատել։ Հերթը Ադրբեջանինն է։ Հայաստանը միակ երկիրն է, որը խանգարում է դրան։ Ափսոս, որ նրանք դա չեն հասկանում։ Այդ դեպքում նրանք պարզապես չեն լինի։

- Բոլորը շատ լավ գիտեն, որ Հարավային Կովկասը շատ կարևոր և հակասական տարածաշրջան է ։ Այստեղ միահյուսված են բազմաթիվ երկրների՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի, Հնդկաստանի և Չինաստանի, եվրոպական երկրների և ԱՄՆ- ի շահերը ։ Դուք եթե լինեիք Հայաստանի ղեկավար, ինչպե՞ս կկառուցեիք միջազգային հարաբերությունները, եթե պատկերացնենք, որ վաղը հայ ժողովուրդը Ձեզ կվստահի Հայրենիքի կառավարման ղեկը:

Սա բարձր և պարտավորեցնող վստահություն է: Առաջինը, և ամենակարևորը, անդրադառնալով միջազգային օրակարգին, կվերականգնեի ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Եթե մենք խաղաղություն ենք ուզում, պետք է ուսումնասիրել պատճառը, որը խոչընդոտում է դրան։ Հիմա հակասությունների սրման շրջան է։ Երկու տարին մեկ մեզ մոտ ինչ-որ ռազմական գործողություններ են տեղի ունենում։ Այստեղ, հարմար պատրվակներով, շտապում են արևմտյան ուժերը։ Երբ արտաքին խաղացողները փորձում են մտնել իրենց ոչ բնորոշ ինչ-որ տարածաշրջան, այնտեղ քաոս է սկսվում։ Եվ որքան ուժեղ է նրանց մուտքն այնտեղ, այնքան մեծ է վշտի և արյան հավանականությունը: Իսկ Ռուսաստանն Անդրկովկասում կայունացնող ուժ է ։

Տեսեք, թե ինչ է կատարվում աշխարհում: Օրինակ ՝ Սիրիան: Ի՞նչ տեղի ունեցավ, երբ արտատարածաշրջանային երկրները սկսեցին ներթափանցել այնտեղ: Իսկ Իրաքը մի՞թե իրեն սպառել է ։Ով ինչ գործ ունի Սադամ Հուսեյնի հետ ՝ Նա լավ է, թե վատը ։ Նույնը՝ Լիբիան: Իմ տեղեկություններով՝ այժմ Լիբիայի ժողովուրդը երազում է Մուամար Քադաֆիի իշխանության վերադարձի մասին։ Սկսեցին մտնել Մերձավոր Արևելք  և ամեն ինչ քանդեցին ։

Անհրաժեշտ է հետևյալը. Առաջինը՝ ռազմավարական դաշնակից Ռուսաստանն է ։ Երկրորդը Ռուսաստան, Հայաստան և Իրան կազմով Հարավային ռազմական դաշինքի ստեղծումն է։ Տնտեսական բլոկը՝  մենք ԵՏՄ-ում Մաքսային միության մեջ ենք, և դա բավական է։ Շուկան պետք է մեծ լինի, ինչպես ցույց է տալիս փորձը։ Որքան մեծ է շուկան, այնքան ավելի շատ դուք կարող եք վաստակել: Իսկ ռազմական դաշինքը չի կարող հսկայական լինել, քանի որ այն դառնում է անարդյունավետ. Դա լավ ցույց է տալիս պատմությունը, օրինակ՝ ՆԱՏՕ-ն։ Վերջին պատերազմներում նրանք դաշինքով հանդես չեն եկել։ Կային միայն որոշ տարրեր հակաահաբեկչական գործողություններում: Դաշինքը ներկա է եղել որոշ երկրներում, բայց որպեսզի նրանք դաշինքով գնան ինչ-որ երկիր պաշտպանելու, նման բան չեմ հիշում ։ Ու ոչ միայն, տեսեք, Հունգարիան այսօր գնում է մի ուղղությամբ, իսկ Լեհաստանը՝ մյուս ։ Այսինքն դա, այսպես ասած, այնքան էլ արդյունավետ մեխանիզմ չէ, ես այդպես եմ կարծում։

Մեզ պետք է փոքր տարածաշրջանային դաշինք, որը հստակ համապատասխանում է իր մեջ մտնող երկրների շահերին, որոնք համընկնում են, որպեսզի տարածաշրջանում կայունություն ապահովվի ։ Իրանը մեր հարևանն է, անհրաժեշտ է հարաբերություններ կառուցել նրա հետ, այլ ոչ թե դաշնակիցներ փնտրել օվկիանոսից այն կողմ ։ Ես մի հարցազրույցում ասել եմ, որ պատմության մեջ նման բան եղել է, երբ պարսից շահնշահ Շապուհ 2-րդը Հայոց Արշակ 2-րդ թագավորին խնդրել է չօգնել Բյուզանդական կայսրությանը։ Դու իմ հարևանն ես, այսօր նրանք կան, վաղը չեն լինի: Բանն ավարտվեց Հայաստանի անկախության կորստով։ Արդյունքում Բյուզանդիան և Իրանը պայմանավորվեցին և Հայաստանի տարածքը բաժանեցին երկու մասի։ Հետո Բյուզանդիան դադարեց գոյություն ունենալուց, և Հայաստանն ամբողջությամբ կորցրեց իր անկախությունը։

Ես ուզում եմ, որ մենք հետևություններ անենք՝ ելնելով մեր պատմությունից։ Չի կարելի պատմական ընկերոջը փոխել ուրիշներով, պետք է հասկանալ, որ հայերի և Ռուսաստանի ժողովուրդների մտածելակերպը նույնն է ։ Ռուսաստանում ապրում է մոտ երեք միլիոն հայ, եթե խոսենք սփյուռքի մասին։ Հայաստանում հայերը մի քիչ քիչ են։ Այսպիսի մի անեկդոտ կա. Ռուսաստանի ղեկավարը Հայաստանի ղեկավարից հարցնում է. «Քա՞նի հայ է ապրում Հայաստանում,- երկուսուկես միլիոն: Իսկ Ռուսաստանում՝ երեք միլիոն հայ։ Ուրեմն ո՞վ է Հիմա Հայաստանի ղեկավարը»։ Ես ուզում եմ ասել, որ սա, իհարկե, կատակ է, բայց այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, ապաշնորհության և ներկայիս իշխանության անձնական շահերն առաջ տանելու արդյունք է, հասկանում եք։ Հայերից ո՞ւմ դուրը չի գալիս Ֆրանսիան, ռուսներից ո՞ւմ դուրը չի գալիս Ֆրանսիան: Համոզված եմ, որ շատերը համակրանքով կխոսեն Ֆրանսիայի մասին, Ճիշտ է, բայց դա չի նշանակում, որ այնտեղ մեզ սպասում են ։

Որպես ռազմական անձնավորություն ձեզ համար ամոթալի է ու ցավ է պատճառում Հայաստանի կառավարության չմտածված գործողությունները, երբ ինքնակամ որոշմամբ, առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, Ադրբեջանին են հանձնվում Հայաստանի կարևորագույն և ռազմավարական տարածքները:Ինչպե՞ս կարելի է դա հետագայում շտկել:

Տեսեք, ինչ վերաբերում է այդ տարածքներին, ես բազմիցս ասել եմ. ամոթը մեղմ է ասված, դա ծանր հանցագործություն է սեփական ժողովրդի հանդեպ։

Ի տարբերություն տարածքներ հանձնողների, ես իմ կյանքում հաճույք եմ ունեցել քայլել այդ խրամատներով և լավ գիտեմ այնտեղ եղած պաշտպանական գծերը։ Ադրբեջանը պարզապես ռազմական ճանապարհով չէր կարող վերցնել այդ պաշտպանական գծերը, նա պետք է շատ ջանքեր գործադրեր ։ Հիշեք 2020 թվականը ՝ հուլիս ամիսը։ Այնտեղ պաշտպանվում էր, մեծ հաշվով, մեկ դասակ։ Այն ժամանակ Ադրբեջանը մի ամբողջ կորպուս ուղարկեց մեզ վրա և ոչինչ չկարողացավ անել։ Նրանց մոտ ոչինչ չստացվեց։ Հիմա այլ պատկեր է՝ իշխանությունը ինքնիշխան Հայաստանի տարածքներն է հանձնում։ Նոր պաշտպանական գծեր չկան, բայց դա չէ ամենակարեւորը։ Ամենակարևոր հարցը մեր տարածքն է։ Եվս մեկ անգամ ասում եմ՝ այսօր «ադրբեջանական» կոչված ժողովուրդը չի կարող պնդել, որ այդ հողերն իրենցն են, իրենք մեզ մոտ հյուրեր են։ Ուստի, վրդովեցուցիչ է, որ մեր տարածքները հանձնվեցին նրանց։ Դրան գումարած՝ տվել են Արցախը, իսկ դա Սահմանադրության կոպտագույն խախտում է։ Ներկայիս վարչախումբը նման լիազորություններ չունի։ Կառավարությունը հաղթեց ընտրություններում ՝ ստանալով ձայների 30 տոկոսը, սա թերևս միակ երկիրն է աշխարհում, որտեղ այդքան քիչ ձայներով կարողացավ իշխանության գալ:

Վերջերս 30 ընկերներ  ցանկացել են այգում նշել Անկախության օրը, բայց նրանց թույլ չեն տվել անցկացնել այդ միջոցառումը, ասել են, որ իրենք թույլտվություն չունեն, քանի որ այնտեղ ամբիոն կա: Ոչ մի ոստիկան չի մոտեցել ու ասել, իսկ այստեղ ի՞նչ է անում այս ամբիոնը։ Թույլտվություն չկար։ Իսկ Հայաստանի ղեկավարը տավուշցիներին այնտեղից  հանել է ու հանձնել մեր հողերը։ Հիմա, չգիտես ինչու, ոչ ոք չի խոսում այդ հողերի մասին, նույնիսկ ձեր ասած շարժման անդամները։ Որպես Հայաստանի քաղաքացի ՝ ի՞նչ կարող եմ մտածել։ Ամեն ինչ պետք էր անել հակառակը։ Ամբողջ Հայաստանը կարող էր գալ ու աջակցել տավուշցիներին, նստել բարձունքներին ու կազմակերպել դիմադրություն։ Պետք էր ստիպել երկրի ղեկավարին ոստիկաններին բերել, որպեսզի նրանք օգնեն պաշտպանել մեր հողը։ Փոխարենը մենք ամեն օր վատ բան ենք կարդում ոստիկանների մասին։ Տեղեկություններ կան սեփական քաղաքացիների նկատմամբ խոշտանգումների մասին։ Թող նա այդպիսի ոստիկաններ ուղարկեր այնտեղ, կուզենայի տեսնել, թե քանի օր կդիմանային այնտեղ։ Միակ լավ նորությունն այն է, որ միջազգային հանրությունը վերջապես տեսավ հայ ժողովրդի դժգոհությունը իշխանության հանդեպ։ Ես շատ հարցեր ունեմ Հայաստանի կառավարությանը։ Ես համաձայն չեմ լրագրողին փոխել քահանայի հետ, որքան էլ նա կրթված լինի։ Եվ այդ լավ, պարկեշտ մարդուն շահարկելը հանցագործություն է։ Բագրատ Սրբազանը հայրենասեր է, անկեղծ, բարի մարդ, բայց նրան մանիպուլացնում են ։

-               Շնորհակալ եմ Ձեզ նման հետաքրքիր և բովանդակալից հարցազրույցի համար և հաջողություն եմ մաղթում Ձեզ:

 

Շնորհակալություն Ձեզ  և ամենայն բարիք ձեր ընթերցողներին

Աղբյուրը՝ https://russia-armenia.info/node/99031

                  https://russia-armenia.info/node/99051