«Կամ Փաշինյանը դուրս կգա ժողովրդի մոտ և ներողություն կխնդրի, կամ նրան պարզապես կջնջեն». ՊՆ նախկին նախարար

«Կամ Փաշինյանը դուրս կգա ժողովրդի մոտ և ներողություն կխնդրի, կամ նրան պարզապես կջնջեն». ՊՆ նախկին նախարար
15 Օգոստոս, 2024

Երեք տարի Արշակ Կարապետյանը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը, այնուհետ զբաղեցրել է գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, իսկ 2021 թվականին չորս ամիս ղեկավարել է պաշտպանության նախարարությունը։ Այժմ նա գլխավորում է ընդդիմադիր «Համահայկական ճակատ» շարժումը։ Քաղաքական գործիչը պատմել է «Իզվեստիա»-ին Հայաստանի մոտ անցյալի և առաջիկայի մասին։

EADaily-ն հրապարակում է հարցազրույցի հիմնական դրույթները, որտեղ Արշակ Կարապետյանը կենտրոնանում է Հայաստանի ղեկավարության ակնհայտ սխալների վրա, որոնք և հանգեցրին պարտությանը և Լեռնային Ղարաբաղի հանձնմանը։

2018 թվականի իրադարձությունների արդյունքում Հայաստանում իշխանության եկավ նոր թիմ։ Այդ մարդիկ ընդհանրապես չէին պատկերացնում, թե ինչպես պետք է փոխներգործել բանակի հետ և բացարձակ դիլետանտություն էին դրսևորում պաշտպանության հարցերում։ Ըստ ամենայնի, ինձ ներգրավեցին այս խնդիրը լուծելու համար։ Ես՝ իմ կողմից երբեք չեմ կենտրոնացել որևէ անձանց վրա, ծառայել եմ բացառապես երկրին։ Որոշեցի լինել այնտեղ, որպեսզի ղեկավարությունը ճակատագրական սխալներ չանի։

Սկզբնական շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշադրության էր առնում առաջարկություններն ու խորհուրդները։ Օրինակ՝ 2018-2021 թվականներին նա չէր սրացնում հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ ոչինչ չէր խոսում Ղարաբաղից հրաժարվելու մասին։ Իմ հեռանալուց հետո նա, ցավոք, փոխեց իր դիրքը։

2018 թվականին ես հստակ կանխատեսում էի, որ մեկ-երկու տարվա ընթացքում նոր պատերազմ է լինելու, որում մենք պարտվելու ենք։ Ի՞նչ հիմքեր ես ունեի դրա համար: Բավարար վիճակագրություն և բաց տվյալներ կային։ Օրինակ՝ 1990-ականներին Հայաստանի ու Ադրբեջանի ժողովրդագրական ցուցանիշները քիչ թե շատ համադրելի էին։

Հայաստանի բնակչության թիվը մոտենում էր 4 միլիոնի, մինչդեռ մեր հարևանները մոտ 6 միլիոն էին:Երկու հանրապետություններն ել չունեին բյուջե և համակարգված բանակ։ Մենք կարողացանք ավելի արագ կազմակերպվել, առաջին հերթին սովետական՝ ազգությամբ հայ ​​սպաների շնորհիվ, և դրա շնորհիվ մենք հաղթեցինք։

30 տարի անց Հայաստանում մնաց 2,5 միլիոն մարդ, իսկ Ադրբեջանի բնակչւթյունը, ընդհակառակը, հասել է 10 միլիոնի։ Անհամեմատելի են երկու երկրների բյուջեն և զինված ուժերը։ Ադրբեջանի բանակի թիվը հասնում էր 150 հազարի՝ մինչև 800 հազար զորահավաքային պաշարով, մեր թվերը մի քանի անգամ ավելի փոքր են։ Ադրբեջանը բացարձակ գերազանցության է հասել նաև սպառազինության, տեխնիկայի և կրակային հզորության առումով։ Նման պայմաններում հեռանկարները բավականին պարզ էին։

Բացի դրանից, շփման գծում արդեն պարբերաբար խնդիրներ էին առաջանում։ Օրինակ՝ 2020 թվականի հուլիսի 12-ին դիրքերից մեկի շուրջ բախումներ են տեղի ունեցել։ Ես տեղեկացրել եմ Փաշինյանին, որ, իմ կարծիքով, Ադրբեջանն արդեն կայացրել է պատերազմ սկսելու քաղաքական որոշում, մեկ կամ մեկուկես ամսվա ընթացքում սկսվելու են լայնամասշտաբ ռազմական գործողություններ։

Ես անձամբ (այդ պահին) առաջարկել եմ օգնություն խնդրել մեր առանցքային դաշնակից Ռուսաստանից։ Ցավոք սրտի, այս միտքն արձագանք չստացավ։ Ողբերգությունն այն էր, որ իշխող թիմի մեծ մասը ծայրահեղ վատ էր պատկերացնում զինված ուժերի կարիքներն ու պահանջները։ Բավական է նշել, որ նրանցից գրեթե ոչ ոք, այդ թվում՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը, չի ծառայել բանակում։

Չգիտես ինչու, այդ մարդիկ կարծում էին, որ պատերազմի դեպքում ռազմական գործողությունների համար պատասխանատվություն է կրելու միայն պաշտպանության նախարարությունը։ Ընդ որում, ադրբեջանցիներն այլ մոտեցում ունեն․ պատերազմում է ամբողջ երկիրը։ 2020 թվականին հակամարտությունը սկսելուց անմիջապես հետո ստեղծվեց ռազմակայան, երկրի նախագահը կատարում էր գլխավոր գերագույն հրամանատարի պարտականությունները և միանշանակ պատասխանատու էր արդյունքի համար։

Այժմ՛ Ղարաբաղի զինված ուժերի մասին. Նրանց հետ սերտ փոխգործակցություն է եղել ռազմական գերատեսչությունների մակարդակով։ Զինծառայողները նույնպես լավ պատրաստված էին, ուղղությունների մեծ մասում ոչ մի քայլ հետ չգնացին, շատերն իրական հերոսություն դրսևորեցին։

Օրինակ, 2020 թվականի պատերազմը տևել է 44 օր, շատ ստորաբաժանումներ այս ամբողջ ընթացքում անցան առանց որևէ ռոտացիայի, թեկուզ հայտնի է, որ շրջափոխումը սովորաբար տեղի է ունենում ռազմական գործողությունների արդեն երրորդ օրը: Կրկնում եմ, որ կառավարման հարցը խնդրահարույց է դարձել։ Ղարաբաղի ղեկավարությունն ինքնուրույն ինչ-որ ծրագրեր էր կազմում, Երևանում ընդհանրապես մի կողմ քաշվեցին, շատ խնդիրներ ուղղակի փոխանցվում էին Գլխավոր շտաբին։ Այս մոտեցումը նման էր պարտիզանությանը և հանգեցրեց համապատասխան արդյունքի։

Ես միանշանակ կողմ էի մեր պաշտպանունակության ամրապնդման համար Ռուսաստանի օգնությանը դիմելուն։ 2021 թվականին չորս ամիս զբաղեցրել եմ պաշտպանության նախարարի պաշտոնը։ Այս ընթացքում մի քանի անգամ եկել եմ Մոսկվա, մենք մշակեցինք փոխգործակցության մեծ ծրագիր։ Այսպես, մեր խնդրանքով ռուս բարձրաստիճան սպաներն ու գեներալները՝ ՌԴ գլխավոր շտաբի պետի տեղակալի գլխավորությամբ, ուսումնասիրեցին 2020 թվականի պատերազմի փորձը և ստեղծեցին հսկայական փաստաթուղթ՝ Հայաստանի Զինված ուժերում բարեփոխումների ուղղությունների վերաբերյալ։

Ենթադրվում էր հնարավորինս սեղմ ժամկետներում գնել և մատակարարել ռուսական զենք։ Բացի այդ, մեր զինված ուժերում պետք է հայտնվեին ռուս խորհրդականներ, որոնք կօգնեին կադրեր պատրաստել։

Եթե ​​այս ծրագիրը կյանքի կոչվեր, ապա Ռուսաստանի և Հայաստանի միությունը կնմանվեր Ադրբեջանի ու Թուրքիայի միությանը։ Տեղեկացնեմ, որ ադրբեջանական բանակում թուրք խորհրդականներն աշխատում են արդեն գումարտակի մակարդակով ու հասնում պաշտպանության նախարարի մակարդակին։ Մենք ցանկանում էինք մեզ մոտ ստեղծել նմանատիպ համակարգ։ Արդեն իսկ մատակարարվում էր զենքը, կազմվել են Հայաստան եկող ռուս սպաների ցուցակներ։ Ցավոք, ինձ հեռացրին իմ պաշտոնից, և բոլոր այս ծրագրերը ի չիք դարձան։

Ես ստույգ տվյալներ չունեմ, թե ինչու ծրագիրը չի իրականացվել, կարող եմ միայն ենթադրել։ Կարծում եմ՝ Փաշինյանի թիմը հասկացավ, որ վաղ թե ուշ պատասխանատվություն է կրելու նախկին սխալների համար, ուստի հարկավոր եղան նոր մեղավորներ։ Այդ ժամանակ ռազմական շատ ղեկավարներ արդեն ճաղերի հետևում էին, այդ ռեսուրսը սպառվում էր: Որոշեցին հաջորդիվ մեղադրել Ռուսաստանին։ Իհարկե, դա սխալ որոշում էր, չարժեր վիճել մտերիմ դաշնակցի հետ, բայց իշխող թիմը դա չհասկացավ։

2023 թվականի սեպտեմբերին մեկ այլ սխալ տեղի ունեցավ. Ղարաբաղը հանձնվեց գրեթե առանց պայքարի, թեև առկա էին դիմադրության բոլոր պայմաններ։ Միայն զենքն Արցախում (Ղարաբաղում) արժեր 5 միլիարդ դոլար։

Օրինակ՝ այնտեղ տեղադրված էին տանկային և հրետանային գնդեր, ողջ տեխնիկան մարտունակ վիճակում էր, անձնակազմը՝ պատրաստված։ Ես անձամբ ստուգել եմ այս ամենը։ Ավելին, ադրբեջանական հարձակման առաջին ժամերին իսկապես դիմադրություն կար։ Իմ տեղեկություններով՝ Աղդամի ուղղությամբ ղարաբաղյան զորքերը լուրջ վնաս են հասցրել հակառակորդին։

Կրկին մենք քաղաքական ղեկավարության կաթվածահարության ականատես եղանք։ Նիկոլ Փաշինյանը այս իրադարձություններից առաջ և դրանց ընթացքում հրաժարվեց Ղարաբաղից և բախտի ողորմությանը հանձնեց իր իսկ քաղաքացիներին։ Ինչու՞ նա դա արեց: Ես ինքս ինձ այս հարցը տալիս եմ։ Կարծում եմ, որ Արեւմուտքը երբեք Ղարաբաղը չի համարել Հայաստանի մաս, եւ Փաշինյանը, ըստ երևույթին, ցանկանում է արժանանալ Արեւմուտքի բարեհաճությանը։

Այժմ խոսենք Հայաստանի ղեկավարության կողմից կատարվածի համար ռուս խաղաղապահների մեղադրանքների մասին։ Խաղաղապահները չպետք է կռվեն որևէ մեկի հետ, նրանք հակամարտության կողմ չեն։ Նրանք զբաղվում են հաշտեցմամբ և հանդես են գալիս որպես միջնորդներ։ Պաշտպանության նախարար լինելով՝ ես տեսա շատ կարգապահ, կազմակերպված կառույց։ Կարող եմ ասել, որ նրանք իրենց գործը լավ էին կատարում։ Օրինակ, նրանց օգնությամբ կանոնավոր կերպով տեղի էր ունենում գերիների փոխանակում։ Համոզված եմ, որ եթե Հայաստանը ներքաշվեր հակամարտության մեջ, և պատերազմը գոնե երկու-երեք օր շարունակվեր, ապա խաղաղապահները օգնության կհասնեին։ Փոխարենը մենք տեսանք Ղարաբաղի հանձնում, և մեղավորը չգիտես ինչու Ռուսաստանն է։

Ես առաջինը հանդես եկա ՀԱՊԿ-ի քննադատությամբ։ Երբ ղեկավարում էի պաշտպանության նախարարությունը, այն ժամանակվա գլխավոր քարտուղարին ասում էի կազմակերպության անարդյունավետության ու դանդաղության մասին։ Բայց ես դա արել եմ բացառապես լավագույն մտադրություններով՝ ինչ-որ բան փոխելու, բարեփոխումներ խրախուսելու նպատակով: Ես ոչ մի դեպքում կոչ չեմ արել դուրս գալ այն կազմակերպությունից, որը գոնե դե յուրե ապահովում է Հայաստանի անվտանգությունը։ Հատկապես որ այլ կազմակերպություն չկա։

Երկրորդ կարևոր խնդիրը տնտեսական փոխգործակցությունն է։ Եթե ​​մենք դուրս գանք ՀԱՊԿ-ից, ապա մեր դաշնակիցները կարող են մտածել ԵԱՏՄ-ից, Մաքսային միությունից մեզ հեռացնելու մասին։ Առանց մեզ մասնակից երկրները գլուխ կհանեն, իսկ մենք ի՞նչ ենք անելու մեր ծիրանն ու կոնյակը։ Այլ գնորդներ դժվար է գտնել։

Պաշտպանության նախարար լինելու օրոք ես հանդիպեցի ՆԱՏՕ-ի ղեկավարներից մեկի հետ։ Ես նրան հիշեցրի, որ հայկական զինված ուժերը մասնակցում են դաշինքի բազմաթիվ խաղաղապահ առաքելություններին, օրինակ, մինչ օրս զորքեր են ուղարկվում Կոսովո։ Ես հարցրեցի, թե ինչու նման պայմաններում ռազմական դաշինքը օգնում էր Թուրքիային, որը գործում էր Ադրբեջանի հետ միասին։ Գիտե՞ք ինչ նա ասաց։ Նա պատասխանեց, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի շատ կարևոր անդամ է, ոչ ոք չի ցանկանում հակաճառել նրան։ Ստացվում է անհեթեթ իրավիճակ. փաստորեն, մեր երկիրը փորձում է մտերմանալ մի դաշինքի հետ, որը շատ բարձր է գնահատում մեր հակառակորդների համակրանքը։ Սա, իմ կարծիքով, տարրական տրամաբանությունից դուրս է։

Ես զարմանքով եմ կարդում ֆրանսիական «Caesar» հաուբիցների գնման մասին լուրեր։ Նման կայանքի յուրաքանչյուր կրակոցն արժե մոտ 3 հազար դոլար, իսկ 18 արկից բաղկացած մարտական լրակազմը ամբողջությամբ արձակվում է երեք րոպեում։ Պատկերացնու՞մ եք այս սարքավորման արժեքը։ Բայց նաև պետք է այն սպասարկել, անձնակազմ վերապատրաստել, արկերը պահպանել եվրոպական կանոններին համաձայն։ Բացի այդ, հաուբիցները գործում են ավտոմեքենայի բազայի վրա, որի համար հարկավոր է միայն ամենաբարձր որակի բենզին: Այս ամենը շատ թանկ արժե։ Սա ինձ հիշեցնում է աղքատ մարդկանց պահվածքը, ովքեր հանուն ցուցադրության ապառիկ գնում են թանկարժեք կոստյում։

Կարծում եմ, նոր պատերազմը միանգամայն հնարավոր է։ Ադրբեջանին անհրաժեշտ է դեպի Նախիջեւան ցամաքային ճանապարհ, որպեսզի դրա միջոցով կապ հաստատվի Թուրքիայի հետ։ Վստահ եմ, որ նման ծրագրի իրականացումը կվնասի հենց Ադրբեջանին։ Եթե ​​զինված ագրեսիայի փորձ կատարվի, ապա արևմտյան ինչ-որ կոալիցիա Ալիեւին բռնապետ կհայտարարի եւ երկիրը գրավելու հարմար պատրվակ կստանա։ Սրանից հետո հանրապետությունը կբաժանվի մասերի, և էժան նավթն ու գազը կգնան Արևմուտք։ Մի խոսքով, կկրկնվի Իրաքի կամ Լիբիայի սցենարը։ Ուստի Հայաստանն ինչ-որ իմաստով բուֆեր է և նույնիսկ Ադրբեջանի գոյատևման երաշխիք։

Մեր պետությունն այսօր ճգնաժամ է ապրում։ Այդ իսկ պատճառով մենք՝ համախոհների հետ միասին ստեղծեցինք «Համահայկական ճակատ» շարժումը։ Մենք հիմնադիր համագումար ենք անցկացրել և Հայաստանում կուսակցություն ենք ստեղծում։ Մենք ապագայի հստակ տեսլական ունենք։ Մենք Ռուսաստանը համարում ենք գլխավոր ռազմավարական դաշնակից։ Մենք առաջարկում ենք ստեղծել հարավային ռազմական դաշինք, որը բաղկացած կլինի Ռուսաստանից, Հայաստանից և Իրանից։ Մենք ունենք նաև բազմաթիվ սոցիալական նախաձեռնություններ։ Օրինակ, առաջարկում ենք աստիճանաբար նվազեցնել ֆիզիկական անձանց հարկային բեռը։

Ակնհայտ է, որ երկրում աճում է դժգոհություն՝ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունից։ Ինձ թվում է՝ Փաշինյանը հիմա երկու տարբերակ ունի․ կա՛մ դուրս կգա ժողովրդի մոտ ու ներողություն կխնդրի, կա՛մ նրան պարզապես կջնջեն։ Դժվար թե նա և իր թիմը գոյատևեն մինչև 2026 թվականին նախատեսված հերթական ընտրությունները։ Ընդորում, առայժմ բողոքի ակցիաներն ընթանում են խաղաղ պայմաններում, բայց չեմ բացառում, որ ապագայում կարող են հայտվել մարդիկ, ովքեր կընտրեն այլ մեթոդներ։

 

Աղբյուր՝ https://eadaily.com/ru/news/2024/07/15/libo-pashinyan-vyydet-k-lyudyam-i-izvinitsya-libo-ego-prosto-snesut-eks-ministr-oborony