Ռուսաստանը փորձում է կանխել նոր պատերազմ Հարավային Կովկասում
ՌԴ Անվտանգության Խորհրդի քարտուղարի վիճահարույց այցը Իրան և Ադրբեջան մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Մի կողմ դնենք ուկրաինական հիմնախնդրի համատեքստում լայն քննարկում ստացած, հատկապես Արևմուտքում, ենթադրություններ՝ Իրանից զենք ձեռք բերելու վերաբերյալ։ Շատերն են հարցնում, թե ի՛նչ է նշանակում այս այցը։ Կարծում եմ, առաջին հերթին դա ազդանշան է, որ Ռուսաստանն ամենայն լրջությամբ է ընկալում մոտ ապագայում (սեպտեմբեր-հոկտեմբեր) տարածաշրջանում ապակայունացման հնարավորությունը և մտահոգված է դրա հետևանքներով, այդ թվում՝ Հայաստանի համար։
Դժվար չէ հասկանալ, որ Բաքվի համար Նախիջևանի ուղղությամբ իր հավակնություններն իրականացնելու ավելի բարենպաստ պայմաններ, որքան հիմա, կարող են էլ երբեք չստեղծվեն։
Ինչի՞ մասին է խոսքը։ Որպես առաջին գործոն՝ ես կնշեի 2024 թվականի նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ում սպասվող ընտրությունները և դեմոկրատների ու հանրապետականների միջև լուրջ ներքին առճակատումը։ Բոլոր դեպքերրւմ, ամերիկացի ընտրազանգվածի ուշադրությունը շեղված է լինելու «Հարավային Կովկասի՝ նրանց համար երկրորդական նշանակություն ունեցող խնդիրներից»։
Երկրորդ գործոն․ 1918 թվականից ի վեր Բրիտանիան, որի շահագրգռվածությունն ակնհայտ է, փորձում է թուրքերի և ադրբեջանցիների ձեռքերով ստեղծել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»՝ Կասպից ծովի էներգակիրները փոխադրելու համար։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շրջանակներից այս թեմայի ցուցադրական դուրս բերումը ոչ այլ ինչ է, քան խորամանկ քայլ։
Երրորդ հանգամանքը իրանա-իսրայելական հարաբերությունների լարվածությունն է, որը (ՀԱՄԱՍ-ի ղեկավարների սպանությունից հետո) մեծ հավանականությամբ կարող է դուրս գալ փոխադարձ հարվածների շրջանակներից և հանգեցնել լայն հակամարտության։ Պետք չէ բացառել, որ Իրանը կարոող է հարվածել Ադրբեջանում իսրայելական հետախուզության առնվազն երեք կենտրոններին։ Ի դեպ, Իրանի նախագահի սպանությանը նրանց մասնակից լինելը շատերը դիտարկում են որպես հիմնական վարկածներից մեկը։ Չմոռանանք նաև, որ Իսրայելը որոշում է ընդունել, որով արգելում է իր զինվորականներին գտնվել Ադրբեջանի ու Վրաստանի տարածքում։
Բաքվում կարծում են, թե Իրանը շեղվելու է Իսրայելի հետ հակամարտությանը և չի կարողանալու կոշտ արձագանքել՝ Ադրբեջանի կողմից Սյունիքի մարզ ներխուժելու դեպքում (Զանգեզուրի միջանցքը նախատեսվում է հենց այնտեղ): Իսկ մի շարք հայ ռազմական փորձագետների կարծիքով՝ հաշվի առնելով հայկական բանակի ներկա վիճակը, նման գործողությունը կարող է տևել երկու շաբաթից ոչ ավել։ Բացի այդ, Անկարայի համար կարևոր այս երթուղու վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարարի հռետորաբանությունն ավելի ու ավելի կոշտ և կատեգորիկ է դառնում։
Չորրորդ գործոնը Երևանի իշխանության թուլությունն է՝ քաղաքական կամքի և բանակի կառավարման առումով, ինչպես նաև արտասահմանից թելադրված համաձայնողական ու պարտվողական կուրսը։ Սա միանշանակ թույլ է տալիս Բաքվի ղեկավարությանը հաջողության հույսեր սնուցել, հատկապես սահմանուն Ռուսաստանի ներկայության կրճատման համատեքստում, թեպետ այդ կրճատումը կարելի է խորհրդանշական համարել:
Հինգերորդ գործոնը մշտադիտարկման արևմտյան խմբերի թվի ավելացումն է։ Փաստացի այդ խմբերը զբաղվում են բացառապես Հայաստանի պաշտպանական ներուժի հետախուզմամբ։ Եթե համեմատենք տվյալ իրավիճակը վրաց-հարավօսական հակամարտության հետ, ապա կարելի է վստահորեն ենթադրել, որ այդ տեղեկությունն անպայման կփոխանցվի Բաքվին և կդառնա նոր հակամարտության պայթուցիչ։
Եվ վերջինը․ Հարավային Կովկասում ցանկացած լարվածություն ձեռնտու է անգլոսաքսոններին, քանի որ այն բերելու է տարածաշրջանի սահմանների վերագծման ամերիկյան՝ Պետերսի նախագծի իրականացմանը և միաժամանակ ներքաշելու է Ռուսաստանին ևս մեկ հակամարտության մեջ։
Ահա հիմնական գործոններ, որոնք առավել բարենպաստ պայմաններ են ստեղծում Բաքվի և Անկարայի համար՝ Մեծ Թուրանի վերածննդի իրենց վաղեմի ծրագրերի իրականացման առումով։ Ամերիկյան ընտրություններից հետո (անկախ արդյունքից) թյուրքական տանդեմի հաջողության հնարավորությունները նվազելու են: Բացի այդ, մոտ ապագայում ավարտվում է Թուրքիայի ղեկավարի իշխանության ժամկետը, սակայն Օսմանյան կայսրությունը վերականգնելու և թյուրքերի առաջնորդին մեծությամբ գերազանցելու նրա հիվանդագին ցանկությունը մնում է։
Վերադառնալով հիշյալ այցի նպատակին, կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը փորջում է հասկանալ, թե որքան հեռու է մտադիր գնալ Թեհրանը՝ Իսրայելի հետ առճակատման հարցում, որքանով է պատրաստ ակտիվ գործողություններ ձեռնարկել Հարավային Կովկասում անփոփոխ սահմանների հռչակված սկզբունքը և, համապատասխանաբար, Հայաստանի շահերը պաշտպանելու գործում։ Նաև անհրաժեշտ էր Բաքվին նախազգուշացնել աշխարհաքաղաքական տեսակետից չմտածված քայլերից, որոնք, ի վերջո, վտանգում են հենց Ադրբեջանի գոյությանը։ Թե որքանով դա հաջողվեց, ցույց կտա մոտ ապագան։
Անդրկովկասում կայունությունը պահպանելու Մոսկվայի ջանքերը ներառում են նաև Սյունիքում հյուպատոսություն բացելու մտադրություն։ Դիվանագիտական ներկայության ընդլայնումը վկայում է, որ Ռուսաստանը մտադիր չէ լքել Հարավային Կովկասը։ Իսկ Հայաստանի կառավարության կողմից սկսած պետական կառույցների օպտիմալացումը (կրճատումը) շատերն ընկալվում է որպես տարածքը հանձնելու նախապատրաստող քայլ։