«Փաստարկ» ակումբի նախագահ, լրագրող Տիգրան Սիմոնյանը ելույթը հայկական սփյուռքին նվիրված գիտագործնական համաժողովում

«Փաստարկ»  ակումբի նախագահ, լրագրող Տիգրան Սիմոնյանը ելույթը հայկական սփյուռքին նվիրված գիտագործնական համաժողովում
9 Սեպտեմբեր, 2024

ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Այս խնդրին՝ որպես օրվա հրամայական, հայ ժողովուրդն արդեն մեկ անգամ լրջորեն բախվել է Մեծ հայրենականին հաջորդած տարիներին: Աշխարհավեր պատերազմի ծանրագույն վնասները և մարդկային կորուստներն արագ հաղթահարել էր պետք, սակայն դրա համար նյութական միջոցներից բացի, չկային նաև մարդկային որակյալ ռեսուրսներ: Ուստի Խորհրդային պետության առաջնորդների հանձնարարությամբ 1946 թվին կազմակերպվեց աշխարհի հայաշատ գաղթօջախներից տասնյակ հազարավոր ընտանիքների զանգվածային ներգաղթը Խորհրդային Հայաստան: Եվ Հայաստանը սկսեց ոտքի կանգնել. նրա բարգավաճման գործին եղբայրաբար ձեռք-ձեռքի տված լծվեցին խորհրդահայն ու օտար ափերից տուն դարձած սփյուռքահայը: Վերջիններիս առաջավոր մասնագիտական փորձը և հմտություններն իրենց անուրանալի դերն ունեցան խորհրդահայ գիտության, կրթության, արդյունաբերության, գյուղատնտեսության, արվեստի աննախադեպ թռիչքային զարգացման գործում: Այդպիսով Հայաստանը կայացավ որպես ԽՍՀՄ առաջավոր հանրապետություններից մեկը:

Այսօր Հայաստանը նորից հայտնվել է գրեթե նույնպիսի հրամայականի առջև: Էական տարբերությունը թերևս մեկն է. այն ժամական Հայաստանը կիսանկախ, Մոսկվային ուղղակի ենթակա սովետական հանրապետություն էր, իսկ այժմ՝ միջազգային իրավունքի սուբյեկտ, հետևապես՝ առանց կողմանակի միջամտության, ինքնուրույն պետք է որոշի իր անելիքները:

Ավաղ, անցած երեք տասնամյակում չի հաջողվել իրապես արդյունավետ հիմքերի վրա դնել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները: Երկրի իշխանությունների գործելաոճում գերակայել է ընդգծված եսակենտրոն մոտեցումը, այն է՝ <<Սփյուռքը թող հայրենիքին օգնի փողով, մնացածը մեր գործն է, մենք կանենք… >>: Այս տրամաբանությամբ սոցիալական, բարեգործական և նմանատիպ այլ ծրագրերին և հիմնադրամներին Սփյուռքի նվիրաբերած միլիոնավոր դոլարների զգալի մասը փոշիացել է անարդյունք: Եվ բարեգործ սփյուռքահայը հաջորդ նվիրատվությունը կատարելիս այլևս չի եղել նույնքնան առատաձեռն և վստահող, ավելին՝ որոշներն անգամ հետ են կանգնել հայրենիքում բիզնես հիմնելու, ներդրում կատարելու մտքից: Պատահական չէ, որ Հայաստանի ներդրումային դաշտում, նաև հասարակական կյանքում հայկական հզոր ու կարող Սյուռքը չունի ցանկալի չափով ներկայություն:

Իսկ ո՞րն է ելքը: Կարծում ենք՝ նախ հարկ է օր առաջ վերականգնել Սփյուռքի նախարարությունը, իսկ հաջորդ քայլը պետք է լինի նրա նախաձեռնությամբ մասնագիտական լայն շրջանակների մասնակցությամբ Սփյուռք-Հայաստան հարաբերությունները կանոնակարգող ռազմավարության ստեղծումը: Դրա առկայությունը թույլ կտա հստակորեն պատկերացնել՝ մեզ համար թիվ մեկ առաջնահերթություն է լինելու աշխարհասփյուռ հայության ներգաղթի կազմակերպո՞ւմը, ինչին ականատես ենք Իսրայելի պարագայում, թե՞ մեկ այլ խնդիր:

Չին իմաստունն է ժամանակին ասել՝ եթե ես քաղցած եմ, ինչ ձուկ մի տուր, այլ սովորեցրու այն բռնելու ձևը: Այս սկզբունքով պետք է առաջնորդվենք նաև մենք՝ Սփյուռքի հետ փոխհարաբերությունները վերակառուցելիս: Ներկա փուլում հայոց գաղթօջախների օժանդակությունը Հայրենիքին հարկ է, որ լինի ինտելեկտուալ բնույթի, ինչը ենթադրելու է պետական կառավարման համակարգերի, գործարար, գիտական, կրթական, մշակութային և մյուս ոլորտների համար որակյալ կադրերի պատրաստում և վերաորակավորում, նրանց միջոցով Հայաստանում համաշխարհային առաջավոր փորձի սահուն տեղայնացում և ժամանակի պահանջներին համահունչ շարունակական խորհրդատվության տրամադրում:

Երկիրը սկսվում է սահմանից: Հետևապես նաև հարկ է, որ Սփյուռքի ապագա բոլոր կարգի ներդրումներն այսուհետ առավելագույնս ուղղորդված լինեն դեպի Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր՝ նախ և առաջ կանխելու համար սահմանապահ բնակիչների շարունակվող արտագաղթը: Պետության իրատեսական ռազմավարության առկայության պարագայում, վստահ ենք՝ այս խնդրում իրենց լուրջ լուման կցանկանան ներդնել Սփյուռքի թե՛ հայրենանվեր արվեստագետները և մարզիկ-մարզիչները, թե՛ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: Վերջին ամիսների մեր դիտարկումները ցույց տվեցին, որ սահմանամերձ գյուղերի շնորհալի, տաղանդավոր շատ պատանիներ իսպառ զրկված են արվեստի և մարզական որև խմբակ այցելելու, իրենց խոստումնալի ունակություններն իրացնելու, դրանք էլ ավելի զարգացնելու պարզագույն հնարավորությունից: Ինչ վերաբերվում է բիզնեսի հիմնադրումը և այդ նպատակով ներդրումները սահմանամերձ գյուղերում խրախուսելուն, կարծում ենք՝ Սփյուռքի պոտենցիալ ներդրողներին առավելապես կարող են հետաքրքրել ինտենսիվ անասնաբուծությունը և բուսաբուծությունը: Դրա կարևոր նախապայմաններից մեկը հետևյալն է. սահմանամերձ գյուղերում երկարաժամկետ ներդրումներ կատարող գործարարներին պետությունը գործնականում պետք է ընկալի որպես կարևոր, ռազմավարական գործընկեր, տրամադրի արտոնյալ վարկեր և հարկային արձակուրդներ՝ առնվազն 5 տարով: Սոցիալ-տնտեսական բարվոք կացությունը երկրի սահմանների և պետականության կայունության կարևորագույն նախապայմաններից է, որի համար արժե գնալ նաև ոչ ավանդական զիջումների, անգամ զոհողությունների:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին «Համահայկական ճակատ» կուսակցությունը կազմակերպել է գիտագործնական համաժողով՝ «Սփյուռքի դերը հայոց պետականության կայացման գործում» խորագրով։ Միջոցառմամը քննարկվում էին Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև արտերկրներում գտնվող հայերի շահերի և քաղաքացիական իրավունքների պաշտպանմանն ուղղված հնարավոր միջոցներ։ Հիմնական հայեցակետերը Սփյուռքի և պատմական հայրենիքի մտերմացումը և Հայաստանի ղեկավարության հետ արդյունավետ փոխգործակցության համար պայմանների ստեղծումը։

 

«Համահայկական ճակատ» շարժման մամլո ծառայություն