2024 թվականի հոկտեմբերի 31-ի ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2024 թվականի հոկտեմբերի 31-ի ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
31 Հոկտեմբեր, 2024

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը հարցազրույց է տվել «Պարս Պլյուս» ալիքին: Հաղորդման վարող Աբաս Ջուման ուշադրությունը կենտրոնացրել է արդի առանցքային հարցերի և տարածաշրջանային ու գլոբալ սպառնալիքների վրա, որոնք պայմանավորված են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով, Իսրայել-Իրան դիմակայությամբ և Թուրքիայի ոչ միանշանակ դիրքորոշմամբ:

Արշակ Կարապետյանը հանգամանորեն անդրադարձել է Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում քաղաքական ուժերի դասավորվածությանը: Բարձր է գնահատել Իրանի զուսպ և հավասարակշռված դիրքորոշումը, որի շնորհիվ տարածաշրջանը դեռևս չի ներքաշվել «մեծ պատերազմի» մեջ։ Մանրամասն բնութագրել է Անկարայի երկակի քաղաքականությունը կովկասյան և իսրայելական ուղղություններով և առանց սեփական գոյության սպառնալիքի ՆԱՏՕ-ի ուղուց դուրս գալու անկարողությունը։ Նա օրիգինալ կերպով պարզաբանել է Հայաստանի նշանակությունը Ադրբեջանի՝ որպես անկախ պետության գոյության համար։ «Թուրքական դրոշը, որը Ադրբեջանի նախագահն այսօր տեսնում է իր պատուհանից, վաղը կարող է հայտնվել իր տանիքի վրա», - ասել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը թյուրքական երկու երկրների առաջնորդների միջև կուլուարային հակասությունների մասին քննարկումների համատեքստում:

Պատասխանելով Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հնարավորության մասին հարցերին՝ նա նշել է, որ արցախցիներին իրենց պատմական հողերից վտարելու պայմաններում դա քիչ հավանական է: «Վաղ թե ուշ կառաջանա նոր առճակատում։ Տխրահռչակ խաղաղության պայմանագիրը, որի մասին այդքան հաճախ խոսում է Փաշինյանը, եթե անգամ ստորագրվի, միջազգային իրավական տեսանկյունից առոչինչ կդառնա, քանի որ կստորագրվի ճնշման տակ և առանց երաշխավոր երկրների։ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է ռազմաքաղաքական հավասարակշռություն, որը կարող է ձեռք բերվել Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի կազմով Հարավային ռազմական դաշինքի ստեղծման պարագայում: Հենց այս ձևաչափն է, որը կարող է հավասարակշռել թե՛ գլոբալ, թե՛ տարածաշրջանային խաղացողների պոտենցիալը», - նշել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը։

Եզրափակիչ խոսքում Արշակ Կարապետյանը փաստել է, որ ժամանակակից աշխարհը դադարել է միաբևեռ լինելուց: Ռուսաստանի, Չինաստանի և ավելի մեծ թվով երկրների կողմից կառուցած բազմաբևեռ համակարգը հանդիսանում է նոր հավասարակշռված և կայուն աշխարհակարգի ձևավորման հիմքը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղումով՝  Кавказ и Ближний Восток: Говорим об Иране и Израиле - YouTube

 

«Համահայկական ճակատ» շարժման մամլո ծառայություն