ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 2024 թ․ դեկտեմբերի 4

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 
2024 թ․ դեկտեմբերի 4
4 Դեկտեմբեր, 2024
«Համահայկական ճակատ» շարժման մամլո ծառայություն

2024 թվականի նոյեմբերի 30-ին «Համահայկական ճակատ» կուսակցությունն անցկացրեց իր երրորդ արտահերթ համագումարը՝ նվիրված Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, ընթացիկ և նոր նախաձեռնությունների քննարկմանը, ինչպես նաև հանրապետության ընդդիմադիր ուժերի համախմբմանը։ Հիմնական ուշադրությունը դարձվել է Ազգային հպարտության հանրային տրիբունալի աշխատանքին, Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիներին և քաղբանտարկյալներին հայրենիք վերադարձնելու, ինչպես նաև Հայաստանի անհայտ կորած քաղաքացիների որոնման խնդիրների լուծմանը։ Համագումարին մասնակցում էին «Համահայկական ճակատ» կուսակցության 253 պատվիրակներ և հանրապետության 14 քաղաքական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Համագումարի ավարտին ընտրվեց կուսակցության Խորհրդի նոր կազմը։

«Համահայկական ճակատ» կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանը իր ողջույնի խոսքում ասաց. «Մեր երրորդ համագումարը հաստատում է Հայաստանում նոր քաղաքական ուժի ձևավորում։ Այն իսկապես համաժողովրդական է, կողմնորոշված է դեպի հայրենահայության մաքառման սատարումը, դեպի անվտանգության ամրապնդումը, պետականության պահպանումն ու պետականամետ մտածելակերպ ունեցող իշխանություն ապահովելը։» «Թող ոչ ոք զուտ հույսեր չփայփայի, թե ստահոդ լուրերով, ասեկոսներով ու բամբասանքներով կարող է պղտորել մարդկանց մտքերը և սեպ խրել մեր ժողովրդի միասնության մեջ,» — հավելեց նա։

«Համահայկական ճակատ» կուսակցության Խորհրդի անդամ Նաիրա Գևորգյանն անդրադարձավ Ազգային հպարտության հանրային տրիբունալի աշխատանքին։ Նա ընդգծել է Տրիբունալի՝ հանրապետության տարածքային ամբողջականության հարցերում Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտումներին վերաբերող որոշման արդիականությունն ու նշանակությունը Հայաստանի պետականության պահպանման համար։ «Համահայկական ճակատ» կուսակցությունը Ազգային հպարտության տրիբունալի որոշումը փոխանցեց Սահմանադրական դատարան, ԱԱԾ, Գլխավոր դատախազություն, Արտաքին գործերի նախարարություն, Ազգային ժողովի երեք խմբակցություններ և կառավարություն։ Եթե ​​օրենքով սահմանված ժամկետում նրանցից պատասխաններ չստանանք, կձեռնարկենք հետագա քայլեր»։ «Այսօր մեզ անհրաժեշտ է համախմբվել՝ հաշվի առնելով մեր ընդհանուր պատասխանատվությունն ու մտահոգությունը մեր երկրի ներկայի և ապագայի նկատմամբ։ Աշխարհաքաղաքական զարգացումները և այդ համատեքստում մեր ազգային ինքնության առջև ծառացած մարտահրավերները, սոցիալ-տնտեսական կյանքի դժվարությունները, մեր հայրենիքի հզորացումն ու ապահովությունը ներկա մեր սերնդին վիճակված առաջնահերթ խնդիրներն են»,- ասաց նա։

«Համահայկական ճակատ» շարժման անդամ Անահիտ Հակոբյանը մանրամասն անդրադարձավ արցախցի փախստականների խնդիրներին և իշխանության անգործությանը՝ նրանց օրենքով նախատեսված օգնություն ցուցաբերելու հարցում։ «Փաստորեն, հայկական պետականությունը արագ տեմպերով գնում է դեպի կործանում․ Արցախի հանձնումը, բանակի կրճատումը, արտաքին պարտքի օրեցօր ավելացումը, Հայաստանի անկախության հռչակագիրը փոխելու մասին վարչախմբի առաջարկները, Հանրապետության Սահմանադրությունը որպես սխալ որակավորումը»,- ընդգծեց նա։

Անահիտ Հակոբյանը պատրաստել է բաց դիմում-նամակ վարչապետին և կոչ արեց սատարել դրան։ Նամակում նա թվարկել է Արցախից բռնի ուժով տեղահանվածների ամենահրատապ խնդիրները և հետևողական նշել է Հայաստանի Հանրապետության օրենքների՝ փախստականներին վերաբերող այն հոդվածները, որոնք խախտում է Փաշինյանի վարչախումբը։ Համագումարը միաձայն կողմ քվեարկեց այս նախաձեռնությանը և առաջարկեց նամակը միաժամանակ ներկայացնել Ազգային Հպարտության Տրիբունալի քննարկմանը:

«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանն իր ելույթը նվիրել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղբանտարկյալների ազատ արձակման, անհետ կորածների որոնման խնդրին։ Նա պարզաբանեց, թե ինչու է Ադրբեջանը պահում մեր գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ «Նրանք օգտագործվում են որպես շանտաժի գործիք, որպեսզի հնարավորինս շատ զիջումներ կորզեն Հայաստանից։ Այս մարդկանց միակ մեղքն այն է, որ նրանք ցանկացել են ապրել իրենց նախնիների հողում, ընտրվել են ժողովրդի կողմից և արժանացել մարդկանց վստահությանը։ Նրանք բառի բուն իմաստով քաղբանտարկյալներ են», - ընդգծեց Ռուզաննա Ստեփանյանը։ Նա հիշատակեց անվանի բարերար Ռուբեն Վարդանյանին, ով թողնելով իր բարեկեցիկ ու ապահով կյանքը՝ արցախցիների համար ամենածանր ու օրհասական ժամանակաշրջանում Արցախ եկավ և այնտեղ մնաց մինչև վերջին պահը։ Տիկին Ստեփանյանը երկերեսանության դրսևորում անվանեց ռազմագերիների հարցով բանակցությունների ենթադրյալ գաղտնիության մասին Հայաստանի իշխանության հայտարարությունները, այս խնդրի նկատմամբ անգործությունն ու անտարբերությունը թաքցնելու փորձ։

Համագումարի հյուր՝ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց ազգային արժեքների պահպանմանն ու Հայաստանի զինված ուժերի հզորացմանը ջատագովող երկու կուսակցությունների պահպանողական գաղափարական հիմքերի միասնությունը։ «Հայոց Աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորման անունից նա հաջողության մաղթանքներ է փոխանցել ընդհանուր նպատակներին հասնելու գործում։ Իր ելույթը նա ավարտեց Մովսես Գորգիսյանի խոսքերով. «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»։

«Մայր Հայաստան 21-րդ դար» Մայրական հանձնախմբի (ծանուցում․ կուսակցություն չէ) նախագահ Գայանե Գասպարյանը միանշանակ սատարում է «Համահայկական ճակատ» շարժման ծրագրով նախատեսված կառավարման նախագահական ձևին։ Նրա կարծիքով, պետք է դադարեցնել Հայաստանում արտաքին վերահսկողության հետևանքով առաջացած բացասական գործընթացները։ «Համակարգը պետք է շտկվի սկսած բանկային համակարգից, որը ղեկավարում է իմ երկիրը դրսից, քանի որ այն հանգեցրել է արտաքին պարտքի, և ամբողջ ժողովուրդը պարտքերի մեջ է՝ ծնկի բերված», - ասաց նա: Գայանե Գասպարյանը նաև առաջարկեց ստեղծել գործունակ «Մայրական խորհուրդ», որը քաջ գիտակցելով իր պատասխանատվությունը, կօգնի «Համահայկական ճակատ»-ին սերունդներ դաստիարակելու գործում։

«Հայոց Աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորման քարտուղար, կրոնագետ, պատմաբան և փիլիսոփա Վարդան Խաչատրյանը հայ ժողովրդին միասնության կոչ արեց նշելով, որ սա է ապագայի գրավականը։ Նա ընդգծեց, որ հայ ազգին բազմիս  անդունդի եզրին են բերել, բայց նա կարողացել է շարունակել իր գոյությունը։

«Պատրիոտ» միության նախագահ Աշոտ Համբարձումյանը հիմնավորեց իր մտավախությունները Հայաստանի՝ նման թանկ գնով ձեռք բերված պետականության գոյության վերաբերյալ։ Նա կոչ արեց խուճապի կամ պարտվողական տրամադրությունների չմատնվել և միավորել ջանքերը․ «Մեր երկրում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը այնպիսին է, որ եթե մենք օր առաջ չհամախմբվենք, ապա չենք կարող ակնկալել որևէ դրական արդյունք,» - ասաց նա, հիշեցնելով հանճարեղ Եղիշե Չարենցի հայտնի խոսքը․ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։ Աշոտ Համբարձումյանն ընդգծեց «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի ու համանուն կուսակցության ղեկավար, իր զինակից ընկեր Արսեն Վարդանյանի, Խորհրդի անդամների հսկայածավալ կատարած հայրենանվեր գործը։

Եզրափակիչ ելույթով հանդես եկավ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ «Ես շատ մտահոգված եմ, թե ինչ է կատարվում մեր ժողովրդի հետ»,- ասաց նա։ «Մարդը պայքարում է նույնիսկ աշխարհ գալու համար, հակառակ դեպքում չի ապրելու: Մարդու ողջ կյանքը, ծննդյան պահից սկսած, պայքար է. առաջին քայլեր, առաջին բառեր, ուսում, աշխատանք, ընտանիք, երեխաներ, թոռներ: Այս ամենի համար պետք է պայքարել։ Մարդը չի կարող պասիվ լինել»։

«Մենք մտնում ենք ակտիվ ժամանակաշրջան։ Ով ուզում է և ով կարող է՝ թող միանա մեզ։ Մենք ոչ մեկին չենք պարտադրում։ Մենք մի բան պետք է հասկանանք․ մեր տեղը ոչ ոք ոչինչ չի անելու։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ն կառավարություն չեն փոխելու։ Մենք պետք է դա անենք, մենք պետք է թուրքի դեմն առնենք, պաշտպանենք մեր ընտանիքները, մեր մայրերին, մեր քույրերին։ Ես խնդրում եմ և պահանջում եմ, որպես հայ, չհանդուրժել այն հակաժողովրդական արարքները, որոնք անում է Հայաստանի իշխանությունը։ Մենք չենք պայքարում կոնկրետ մարդու դեմ, այլ պայքարում ենք, որ ունենանք մեր հայրենիքը,» - հայտարարեց «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը։

«Համահայկական ճակատ» շարժման մամլո ծառայություն