«Այսպիսով, Սիրիայում ընթացող մարտերի ժամանակ թուրքերը դեէսկալացիայի գոտի ստեղծելու պատրվակով գրավեցին այս երկրի հյուսիսային շրջանները։ Ես համոզված չեմ, որ նրանք երբևէ դուրս կգան այնտեղից»
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հարցազրույցը Իրանի «Պարս պլյուս» պետական հեռուստառադիոընկերության ռուսական ծառայությանը Հարցազրույցը վարում է Աբբաս Ջուման
— Հարգելի ընկերներ, ուրախ եմ ողջունել ձեզ: Ես հատուկ հյուր ունեմ՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Պարոն Կարապետյան, բարև Զեզ:
— Բարև Զեզ։
— Դուք գեներալ-մայորի կոչում ունեք, ես նաև այդ պատճառով եմ Ձեզ հրավիրել։ Աշխարհը խեղդվում է հակամարտությունների մեջ, աշխարհը անդունդի եզրին է: Համենայն դեպս ինձ այդպես է թվում։ Ամենուր պատերազմ է ու հակամարտություն․ ռուս-ուկրաինական կոնֆլիկտ, Մերձավոր Արևելքում սրման նոր փուլ։ Դուք հավանաբար հետաքրքրությամբ հետևել եք իրադարձություններին: Մերթ Իրանն է կրակում Իսրայելի վրա, մերթ Իսրայելն է հարձակվում Իրանի վրա։ Իրանցիները սպառնում են, որ կհարվածեն միջուկային օբյեկտներին և այլն։ Սա հուշում է, որ Վլադիմիր Ժիրինովսկու մարգարեությունը կարող է իրականություն դառնալ։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, առաջին հերթին որպես զինվորական։ Որքանո՞վ է այս ամենը վտանգավոր։ Թե՞ ես չափազանցնում եմ:
— Ձեր ասածը, իհարկե, լուրջ հիմնավորումներ ունի, բայց ես ուզում եմ հավատալ, որ գործը ծայրահեղությունների չի հասնի։ Աստված չանի՝ երրորդ համաշխարհային պատերազմ լինի։ Ինձ թվում է, ամենայն հավանականությամբ, վաղ թե ուշ կողմերը կհասնեն համաձայնության։ Այդ մասին է վկայում Իրանի զուսպ դիրքորոշումը։ Սթափ մտածողություն, պաղարյունություն, բավականին կանխամտածված քայլեր։ Մենք հասկանում ենք, որ եթե Իրանը ցանկանա, Մերձավոր Արևելքում լարվածությունը զգալիորեն կմեծանա։ Սա արևելյան իմաստություն է: Դժվար է գնահատել հեռանկարները։ Իրանցիները մեր հարեւաններն են։ Որպես հայ՝ ես կարծում եմ և բազմիցս ասել եմ, որ անհրաժեշտ է ստեղծել «Հարավային ռազմական բլոկ»՝ ելնելով Հայաստանի շահերից։
— Ո՞վ է մտնելու այդ բլոկ:
— Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը։ Դա այն կառույցն է, որն ի վիճակի է ապահովել ուժերի հավասարակշռություն և կայունություն մեր տարածաշրջանում։ Որքան տեսնում եմ, Հայաստանի ներկայիս իշխանությունը դրան չի ձգտում, բայց սա չի նշանակում, որ հայությունը դրան չի ձգտում։ Հայաստանում գործող իշխանությունում, իմ կարծիքով, ի վերջո հայեր չեն։ Ավանդույթներ, որ նրանք այսօր սերմանում են Հայաստանում, ընդունելի չեն ոչ միայն հայերի, այլ արևելյան բոլոր երկրների և Կովկասի համար։ Ես չեմ քաղաքականացնում։
— Ինչու ոչ, կարելի է և քաղաքականացնել։
— Ես հիմա չեմ ուզում քննադատել Հայաստանի կառավարությանը։ Մենք ինքներս ենք թույլ տվել, որ այն գա իշխանության։ Այժմ տարածաշրջանը կանգնած է մեծ պատերազմի շեմին։ Դա երևում է իսրայելցիների, ադրբեջանցիների, թուրքերի պահվածքից։ Առանձնահատուկ է Իրանի դիրքորոշումը՝ զուսպ և տրամաչափված։
— Մանկուց ես հաճախ եմ կռվել բակում։ Ինչպես ցույց է տալիս փորձը, եթե կռիվն անխուսափելի է, ապա ինչքան էլ զուսպ լինես, կռիվ է լինելու․ բավական է, որ կոնֆլիկտի մեկ մասնակիցը զուսպ չլինի։ Հետևաբար, եթե Իսրայելն այսօր կարծես թե կարմիր գծեր չունենա, Իրանի զսպվածությունը չի օգնի։
— Բնականաբար, եթե պետք է պայքարի մեջ մտնել, ապա պետք է անել դա ամբողջ ուժով, և պարզ է, որ Իրանը ունակ է դրան։ Ես խոսում եմ որպես զինվորական, ով տասը տարի ծառայել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետ, ես քաջատեղյակ եմ իրանական բանակի հնարավորություններին։
— Որպես հետախուզության նախկին ղեկավար և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գնահատեք Իրանի կողմից հասցված հարվածը։ Ոմանք ասում են, որ դա կեղծիք է և ձևականություն: Իսկ ոմանք ասում են, որ սա շատ լուրջ հարված է, հիպերձայնային հրթիռը կատակ չէ։
— Ցանկացած հարված լուրջ է, չկան անլուրջ հարվածներ։ Այս հարվածի ոչ այնքան ռազմական, որքան քաղաքական բաղադրիչն է կարևոր։ Մենք հասկանում ենք, որ Իրանի և Իսրայելի միջև ակտիվ անմիջական ռազմական գործողություններ դեռևս չկան։ Խոսքը այն մասին չէ, թե որքան վնաս է հասցվել: Սա քաղաքական կամքի ու հնարավորությունների դրսևորում է, նպատակին հասնելու վճռականության ապացույց։ Այսօր Իրանը պատասխանում է այնպես, որ պատերազմը չսրվի։ Եթե իսրայելցիները պատասխանատու են միայն իրենց երկրի համար, ապա Իրանը պատասխանատու է Լիբանանի, Պաղեստինի և Սիրիաի համար։ Երբ պատասխանատու ես մեկ ազգի համար և ունես ինչ-որ տեխնիկական գերազանցություն, կարող ես որոշում կայացնել և գնալ մարտի: Բայց պետք է հասկանալ, որ տևական պատերազմում ցանկացած տեխնիկական գերազանցություն վաղ թե ուշ սպառվում է։ Կարևոր է օգնությունը, որ Իսրայելը ստանում է արտերկրից։ Ամենայն հավանականությամբ, Իսրայելը չի որոշում շարունակել պատերազմը, թե ոչ, քանի որ նրա ռեսուրսները սահմանափակ են։ Որոշումը կախված է նրանցից, ովքեր օգնում են, նպաստում են պատերազմի երկարաձգմանը:
Օրինակ՝ Ուկրաինայի իրադարձությունները։ Ուկրաինացիների տեխնիկական հնարավորությունները սպառվել են երկու-երեք ամսում։ Այսօր Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություններ կասեցնելու համար բավական է դադարեցնել զենքի և տեխնիկայի մատակարարումը Արևմուտքից, և ամեն ինչ կավարտվի։
Անդրադառնանք Արևելքում ռազմական գործողություններին։ Օբյեկտիվորեն Իրանի ներուժը շատ ավելի բարձր է, քան Իսրայելինը։ Միգուցե իրանական անօդաչու թռչող սարքերը կամ հրթիռները մի փոքր զիջում են իսրայելականին: Բայց պատերազմում մեծ դեր են խաղում դիալեկտիկայի օրենքները։ Դիալեկտիկայի հիմնական օրենքը քանակը վերածելն է որակի։ Ուստի՝ վաղ թե ուշ կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ ու համաձայնության գան։
— Եվս մեկ անգամ հակաճառեմ՝ ոչ թե իմ, այլ մի շարք հեղինակավոր փորձագետների, այդ թվում՝ զինվորականների անունից, ովքեր կարծում են, որ պատերազմ, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա։ Այո, Իսրայելի ռեսուրսներն անսահման չեն, ես կասեի՝ նույնիսկ շատ սակավ են, բայց Ամերիկայի ռեսուրսները շատ են: Փորձագետների կարծիքով, ամերիկացիները դժվար թե երես թեքեն իրենց էքզիստենցիալ դաշնակցից: Ուկրաինայի հետ համեմատություններն անիմաստ են։ Իսրայելը նրանց համար շատ ավելի կարևոր է, և մենք տեսնում ենք, որ պոչը թափահարում է շանը: Թվում է, թե Իսրայելը փոքր է՝ սահմանափակ ռեսուրսներ, սահմանափակ արտադրական բազա, բայց իր կարգավիճակում և իր դիրքում։ Այնուամենայնիվ, ստեղծվում է իրավիճակ, երբ Վաշինգտոնը չի կարող որևէ բան հակադրել։ Ի՞նչ կարող է անել։ Չի փրկի իսրայելցիներին հիպերձայնային հրթիռներից, թեպետ կարող է մեկ այլ կերպ վնասել իրանցիներին: Ի՞նչ է լինելու հետո. ինչպես Ուկրաինայում, թե՞ շատ ավելի խիստ:
— Չեմ կարող Ուկրաինան համեմատել Իսրայելի հետ։ Դրանք տարբեր են նախ տարածքով, երկրորդը՝ բնակչության թվով։ Ցանկացած պատերազմի արդյունքը ի վերջո որոշում է մարդը։ Քանի դեռ զինվորի ոտքը չի մտել թշնամու խրամատ, այս խրամատը գրավված չէ։ Իսրայելի և նրա հակառակորդների մարդկային ռեսուրսները համեմատելի չեն։ Ուկրաինան ուրիշ է, այնտեղ կարելի է զորաշարժ կատարել, նահանջել։ Իսկ իսրայելցիները նման հնարավորություն չունեն, ուստի, ամենայն հավանականությամբ, ցանկացած աջակցություն կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ը ստիպված կլինի ուղղակի առճակատման մեջ մտնել Իրանի հետ։ Ընդգծում եմ․ ստիպված կլինի, քանի որ, իմ կարծիքով, Միացյալ Նահանգները չի ձգտում կռվել Իրանի հետ։ Եթե նման ցանկություն ունենար, արդեն կաներ։
Իրանի ժողովուրդը հին, մեծ ժողովուրդ է։ Ազգեր կան, որոնք վերելք էին ապրել, բայց հետո անհետացել։ Իրանի պատմությունը ճանաչում է մի քանի կայսրություններ, հզոր պետություններ։ Այն կայուն տեղ է զբաղեցնում աշխարհակարգում։ Բոլորը հասկանում են, որ դա լուրջ պետություն է, որը չի կարելի պարզապես ռմբակոծել՝ առանց հետևանքների։
— Այդ դեպքում ի՞նչ պետք է անի Իսրայելը։ Չի կարելի անպատասխան թողնել նրա քայլերը, բայց ինչպե՞ս հնարավոր է արձագանքել, որպեսզի չսկսվի մեծ պատերազմ:
— Հրեա ժողովուրդն իր պատմության ընթացքում շատ է տառապել։ Ուստի ես, հատկապես որպես զինվորական, չեմ հասկանում Իսրայելի ղեկավարության հավակնությունները։ Ես ոչ մի կերպ չեմ քննադատում, դա իրենց գործն է։ Միգուցե նրանք գիտեն մի բան, որը ես չգիտեմ, դրա համար էլ այդպես են անում։ Բայց այս ուղին ոչ մի տեղ չի տանում: Չի կարելի չորս կողմից կռվել և խոսել խաղաղության մասին։ Մարդիկ չեն կարող անվերջ տեղափոխվել։
Օրինակ, Հայաստան և Ադրբեջան։ Ինչպե՞ս են ադրբեջանցիները պատրաստվում խաղաղ ապրել հայերի հետ։ Չի ստացվի։ Ադրբեջանցիները մարդկանց վտարեցին իրենց պատմական հողերից, իսկ հիմա խոսում են խաղաղության մասին։ Ի դեպ, ես անկեղծ կլինեմ։ Այո, երբ 90-ականներին՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, մենք տարածքներ գրավեցինք, ադրբեջանցի ժողովուրդը նույնպես ստիպված էր հեռանալ։ Մենք էլ չէինք կարող խաղաղ ապրել նրանց հետ, թեկուզ անկեղծորեն պատրաստ էինք։ Որովհետև մենք հաղթել էինք։ Արևելքը Եվրոպա չէ. եվրոպացիները կարող են իրար ուտել, հետո միասին թեյ խմել։ Արևելքում դա անհնար է։
— Դա իմ հաջորդ հարցն էր։ Մինչ Մերձավոր Արևելքը փոթորկում է, Թուրքիա կոչվող պետությունը նորից է փորձում պղտոր ջրում ձուկ որսալ: Ի՞նչ նկատի ունեմ: Օրերս խոսեցի իրանցի վերլուծաբանի հետ։ Նրա կարծիքով Թեհրանին պատասխան հարված հասցնելու գործում Թել Ավիվն ակտիվ դիմում է ՆԱՏՕ-ի երկրների օգնությանը։ Եվ Թուրքիան օգնում է Իսրայելին։ Թուրքիան այժմ հետախուզություն է իրականացնում Սիրիայի ու Իրանի ընդհանուր սահմանի երկայնքով, տրամադրում է իր տարածքը տվյալների հավաքագրման համար և այլն: Այս առումով, ի՞նչ եք կարծում, Թուրքիային իրականում ձեռնտու՞ է տիրող իրավիճակը։ Արդյո՞ք մեծ հակամարտությունը նրան հնարավորություն կտա լուծելու իր որոշ խնդիրներ Կովկասում։
— Ավելի քան հարյուր տարի Թուրքիան չի մասնակցել լուրջ պատերազմների, բացառությամբ առանձին գործողությունների Սիրիայի կամ Լիբիայի տարածքում՝ սահմանափակ կոնտինգենտի մասնակցությամբ։ Անցել են «հերոսական» Օսմանյան կայսրության ժամանակները, որն անընդհատ պատերազմի մեջ էր։ Թուրքիան չի մասնակցում լայնամասշտաբ պատերազմներին։ Թուրքերը ներքաշվեցին Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, որի արդյունքում վերացավ կայսրությունը, փլուզվեց բանակը։ Դա վերջին լայնածավալ պատերազմն էր։ Այժմ Թուրքիայի ղեկավարությունն օգտագործում է այլոց պատերազմները՝ սեփական նպատակներին հասնելու համար։ Այսպիսով, Սիրիայում ընթացող մարտերի ժամանակ թուրքերը դեէսկալացիայի գոտի ստեղծելու պատրվակով գրավեցին այս երկրի հյուսիսային շրջանները։ Ես համոզված չեմ, որ նրանք երբևէ դուրս կգան այնտեղից։ Այժմ Թուրքիան, ուղղակիորեն չմիջամտելով, հետևում է իսրայելա-պաղեստինյան առճակատմանը, բայց վաղը կարող է հայտնվել նաև այստեղ։ Նրանք նույնիսկ ոտնձգություններ ունեն Ուկրաինայի նկատմամբ։
Հիշեք ղարաբաղյան իրադարձությունները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պնդում է, որ հենց ինքն է լուծել Ղարաբաղի հարցը։ Ինչպե՞ս: Նա ուղղակի ջնջեց այս հարցը և դա արեց ադրբեջանցիների օգնությամբ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հասկանում է, որ, ամենայն հավանականությամբ, Էրդողանը ոչ այնքան Հայաստանի, որքան Ադրբեջանի հետ կապված ծրագրեր ունի։ Հիշեք պատմությունը։ Ռուսաստանում հեղափոխության ժամանակ թուրքական բանակը Բաքվում էր։ Եկել էին նավթի համար։ Եթե չլիներ 11-րդ Կարմիր բանակը, որը նրանց դուրս քշեց այնտեղից, ապա Ադրբեջանի տարածքը կլիներ թուրքական։ Եվ ոչ մի Ադրբեջան, ներողություն եմ խնդրում, չէր լինի։
— Փաստորեն, հիմա նրանք ունեն բացառիկ հնարավորություն ավարտին հասցնելու այն, ինչ սկսել են։ Շատ է խոսվում Զանգեզուրի միջանցքի մասին։ Տարբեր երկրների, այդ թվում, Իրանի փորձագետներ ու վերլուծաբաններ նշում են, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ կարող է շարունակել իր հարձակումը Հայաստանի հիմնական տարածքում։ Ինձ հետաքրքիր է Ձեր կարծիքը։ Արդյո՞ք նրանք առաջ կգնան՝ օգտվելով պահից։ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, ԱՄՆ-ն՝ Մերձավոր Արևելքով, ինչը նշանակում է, որ այժմ նրանք կարող են «երկաթը տաք-տաք ծեծել»։
— Ես այդպես չեմ կարծում։ Գերտերությունների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի պետական ղեկավարները միշտ միաժամանակ շատ հարցեր են լուծում։ Բայց ինչ վերաբերում է Թուրքիային, ես համաձայն եմ Ձեզ հետ։ Թուրքերն ուզում են ուրիշի ձեռքով շահույթ ստանալ։ Բայց իրականում սա մի երկիր է, որի եկամտի հիմնական աղբյուրը զբոսաշրջությունն է։
— Հենց սա է նրանց զայրացնում։ Չէ որ նրանք ցանկանում են լինել, օրինակ, անօդաչու թռչող սարքերի, անվտանգության եւ այլնի ամենամեծ արտահանողը։ Ինչպես ասում են, մենք կարգուկանոն ենք հաստատել Ղարաբաղում, նույնը անում ենք Լիբիայում։ Նրանք ուզում են լինել հատուկ կարգավիճակ ունեցող տերություն, որը, ասենք, միաժամանակ և՛ ՆԱՏՕ-ի անդամ է, և՛ ՆԱՏՕ-ից դուրս է։ Ոմանք ասում են, որ դա նրանց չի հաջողվում:
— Կարծում եմ, ոչ թե չի հաջողվում, այլ երբե՛ք չի հաջողվի: Ցանկացած ժողովուրդ ունի կյանքի իրավունք, ուզում է ապրել խաղաղության մեջ։ Ցանկացած ազգ ունի և լավ և վատ մարդիկ։ Վերնախավը ղեկավարում է պետությունները և ժողովրդի շահերը։ Թուրքական վերնախավը սպառնալիք է տարածաշրջանի համար։
— Բայց այս վերնախավը ինքնին չի ձևավորվել։ Նրան սատարում են, կողմ են քվեարկում։
— Դուք գիտեք, թե ինչպես է քվեարկությունը տեղի ունենում նման երկրներում։
— Ես աշխատել եմ վերջին 10-12 տարիների ընթացքում Թուրքիայում կայացած բոլոր ընտրություններում և կարծում եմ, որ դրանք ժողովրդավարական են ու մրցակցային։
— Ես նկատի չունեմ կեղծ տվյալներ։ Թուրքիայում սովորաբար հաղթում է նա, ով վերահսկում է քարոզչությունը։ Հիշեք, ընտրությունների նախօրեին բոլոր թուրք նախարարները Էրդողանի հրամանով սկսեցին սուր քննադատության ենթարկել ԱՄՆ-ին, քանի որ թուրք ժողովուրդը չի սիրում ամերիկացիներին։ Հենց Էրդողանը հաղթեց և դարձավ Թուրքիայի նախագահ, նա հեռացրեց ԱՄՆ-ի դեմ կոշտ արտահայտություններ անող նախարարներին և փոխարենը նշանակեց ամերիկամետ պաշտոնյաների։ Համաձայնեք, նման տեխնոլոգիաները չեն նպաստում ազատ ընտրությանը։
Անդրադառնամ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցին։ Այսօրվա աշխարհում, իհարկե, հնարավոր է ամեն ինչ, նույնիսկ ամենաանհավանականը: Երբ Ադրբեջանը կհասնի Թուրքիայի սահմանին, այն կվերանա որպես պետություն։ Հայաստանը կարևոր թափարգել է, որը հարկավոր է Ադրբեջանին Թուրքիայի ազդեցությունը սահմանափակելու համար։ Հիշեք, որ ղարաբաղյան պատերազմից հետո ադրբեջանական յուրաքանչյուր պատուհանից կախված էր թուրքական դրոշը։ Թուրքական դրոշը, որն Ադրբեջանի նախագահն այսօր տեսնում է իր պատուհանից, վաղը կարող է ծածանվել իր տանիքի վերևում։ Թուրքերը չեն ընդունում, որ կարող են լինել Ադրբեջան, Ղազախստան և այլ թյուրքական պետություններ։ Թուրքերը չեն թաքցնում, որ երազում են պանթյուրքիստական նախագծի մասին։ Նրանք ցանկանում են լուծել համաշխարհային հարցերը, բայց այդ իրավունքը նրանց չի ընձեռվելու։
— Կարո՞ղ եք բացատրել մեր հեռուստադիտողին, թե ինչու է Թուրքիայի ու Ադրբեջանի համար այդքան կարևոր այս միջանցքը, և ինչու է Իրանը դրան դեմ։
— Դրան դեմ է ոչ միայն Իրանը, այլեւ Ռուսաստանը։ Թուրքիայից դեպի Ադրբեջան, այսպես կոչված, միջանցքը դեռ 1999 թվականին հորինել են ամերիկացիները՝ թուրքերի առաջարկով։ Դրա հիմնական նպատակն է ուժեղացնել արևմտյան մեր գործընկերների ազդեցությունը Հարավային Կովկասում։ Ահա թե ինչու է այն այդքան կարևոր։ Թուրքիան ձգտում է իր ազդեցությունը տարածել մինչև Կենտրոնական Ասիա: Թուրքերի՝ Կասպից ծովի ափեր հասնելու երազանքն այսօր համապատասխանում է ողջ արևմտյան աշխարհի շահերին, որը ցանկանում է առևտրային ճանապարհներ կառուցել՝ շրջանցելով Ռուսաստանը։ Չմոռանանք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։
— Իսկ իրանի համար դա նույնպես սպառնալի՞ք է։
— Իրանի համար Զանգեզուրի միջանցքը կարևոր է՝ մեր տարածաշրջան արևմուտքի ներթափանցման տեսակետից։ Սա նաև Թուրքիայի աննախադեպ հզորացում է։ Միջանցք ստեղծելու դեպքում կթուլանան Ռուսաստանի դիրքերը, այն դուրս կմղվի։ Ավելին, նույնիսկ պատմական դաշնակիցները՝ ի դեմս Հայաստանի ներկայիս ղեկավարի, բացահայտ խոսում են նման ծրագրերի մասին։
— Ավելացնենք դրան Ադրբեջանում Իսրայելի ներկայությունը ։
— Կարծում եմ, Իրանը թույլ չի տա իրադարձությունների նման զարգացում։ Եվս մեկ անգամ ուզում եմ խոսել Ադրբեջանի մասին։ Բաքվում հասկանում են, որ դա իրենց համար լինելու է վերջի սկիզբ։ Վերջերս Ադրբեջանի ղեկավարը պաշտոնապես հայտարարեց, որ չի պնդելու Հայաստանով միջանցք կառուցելը։ Նա հասկանում է, որ իրականում չի վերահսկում Նախիջևանը, այնտեղ թուրքերն են տիրություն անում։ Որոշ ժամանակ առաջ նախագահ Ալիևը ստիպված եղավ փոխել Նախիջևանի ողջ ղեկավարությունը, քանի որ այն ամբողջությամբ գտնվում էր Թուրքիայի վերահսկողության տակ։ Թուրքերի մեծ մասը կարծում է, որ ադրբեջանցիներ որպես ազգ գոյություն չունեն։ Թուրքիան ձգտում է ստեղծել Անկարայից վերահսկվող միասնական թյուրքական պետություն։ Բայց առայժմ նրանք դա չեն կարող բացահայտ անել։ Սակայն վերջին վեց տարիների ընթացքում Հայաստանի հետ պատերազմների պատճառով Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանում զգալի չափով աճել է։
— Այն աճել է ոչ միայն Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայում, այլև շատ վայրերում։
— Այո, և այդ պատճառով Բաքուն այժմ չի կարող կտրուկ հեռանալ Թուրքիայից, բայց ձգտում է դրան։ Եթե Ադրբեջանին դա չհաջողվի, ապա այն կդադարի գոյություն ունենալ որպես անկախ պետություն։ Եթե նա շարունակի մերձանալ Թուրքիայի հետ, ապա կվերածվի թուրքական նահանգի։ Ո՛չ Իրանը, ո՛չ Ռուսաստանը դա չեն հանդուրժի։
Եթե Ադրբեջանին հաջողվի ինչ-որ կերպ դուրս գալ թուրքական ազդեցությունից, ապա նա հնարավորություն կունենա զարգանալու և ապրելու, բայց միևնույն ժամանակ պետք է խաղաղության պայմանագիր կնքի Հայաստանի հետ՝ չնվաստացնելով մեզ այս փաստաթղթով։ Չնայած վերջին երկու-երեք տարիների իրենց հաջողություններին, այդ թվում, Ղարաբաղի գրավմանը, թող չմոռանան, որ 30 տարի առաջ ամեն ինչ ճիշտ հակառակն էր, և հայկական զորքերը ջախջախեցին թշնամուն։ Կարծում եմ, Հայաստանում վաղ թե ուշ արդարությունը վերականգնելու գաղափարներ կառաջանան։
Ադրբեջանը պետք է վերադարձնի մեր բոլոր գերիներին և վերականգնի Ղարաբաղը որպես ինքնավարություն։ Հետո պայմաններ ստեղծել համատեղ ապրելու համար։
— Դուք հավատու՞մ եք, որ դա տեղի կունենա։ Ես չեմ կարող հավատալ դրան։
— Ես կցանկանայի հավատալ, որ ամեն ինչ կլուծվի խաղաղ ճանապարհով։ Այո, դա իդեալական պատկեր է: Բայց երբ ես ասում եմ «պետք է», դա չի նշանակում, որ հավատում եմ: Առանց դրա Ադրբեջանը չի կարող խաղաղ զարգանալ։ Որովհետեւ Հայաստանը վաղ թե ուշ ծնկած վիճակից կբարձրանա, երկիրը ղեկավարելու են ուժեղ մարդիկ։
— Այսինքն՝ հայտնվելու են նոր Տեր-Թադևոսյան, հայրենասեր հայեր, որոնք ձգտելու են ռևանշի, իսկ ադրբեջանցիներին սպասվում է նույնը, ինչ հիմա կատարվում է ղարաբաղցիների՞ հետ։
— Ես չէի օգտագործի «ռևանշ» բառը։ Խոսքը արդարության վերականգնման մասին է։
— Անձամբ իմ դատողությամբ՝ իրավիճակը հետևյալն է։ Հայ-ադրբեջանական հակամարտությունը շատ նման է պաղեստինա-իսրայելական առճակատմանը, որը բերում է ագրեսիա, ինչը բացառում է խաղաղության պայմանագրի կնքումը։ Դա առաջացնում է հակազդեցություն, մի կողմից ի դեմս ՀԱՄԱՍ-ի, իսկ մյուս կողմից՝ արդարությունը վերականգնելու ցանկացողների։ Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ 30 տարի հետո, ինչպես Ադրբեջանի դեպքում, մենք կստանանք հերթական զինված հակամարտությո՞ւն։
— Միջազգային նորմերի համաձայն՝ սպառնալիքի տակ կնքված խաղաղության պայմանագիրը վավեր չէ։ Եթե Հայաստանին հիմա պարտադրեն ստորագրել այս փաստաթուղթը ստրկական պայմաններով, այն իրավական ուժ չի ունենա։ Աշխարհը չի ընդունի այս փաստաթուղթը, թեև իրավիճակային առումով բոլորը կարող են լռել, բայց միջազգային իրավունքը նշում է, որ ցանկացած փաստաթուղթ, որը ստորագրվում է հարկադրանքի տակ, անօրինական է։
— Անդրադառնանք Թուրքիային։ Վերջերս եմ ժամանել Ստամբուլից, որտեղ շատ հետաքրքիր զրույց ունեցա թուրքական «Վաթան» քաղաքական կուսակցության առաջնորդի հետ։ Այդ կուսակցությունը մարգինալ են համարում, բայց ես այդպես չեմ կարծում։ Ընտրազանգվածի առումով այն խոշորագույն կուսակցություններից չէ, բայց քարոզում է գաղափարներ, որոնք մոտ են միլիոնավոր թուրքերին։ Կուսակցության հիմնադիրն ու ղեկավարն է պարոն Դողու Փերինչեքը։ Իդեպ, նրա որդին՝ Մեհմեդ Փերինչեքը, ղեկավարում է այս կուսակցության բջիջը Մոսկվայում։ Նա պնդում է, որ Թուրքիան դուրս է գալու ՆԱՏՕ-ից։ Ես առարկում էի, որ նման մեխանիզմ չկա, որ Թուրքիան նման հնարավորություններ չունի՝ ոչ տնտեսական, ոչ քաղաքական։ Նա պնդում է, որ Անկարան պատրաստ է արտադաշինքային կարգավիճակ ստանալու։ Այս առումով հարց ունեմ․ Դուք հավատու՞մ եք, որ դա տեղի կունենա: Եթե այո, ապա կորցնելու՞ է արդյոք արդիականությունն այն ամենը, ինչ Դուք ավելի վաղ ասացիք՝ Կովկասում արևմտյան շահերն առաջ մղելու վերաբերյալ:
— Ձեր հարցը կարելի է այլկերպ ձևակերպել. Լինելու՞ է Թուրքիա, թե ոչ։ Հենց որ Թուրքիան, սեփական պատվախնդրություններով գայթակղվելով, դուրս գա ՆԱՏՕ-ից ողջ ՆԱՏՕ-ն, Ռուսաստանը, Չինաստանը և շատ այլոք, փաստորեն, կանգնելու են Թուրքիայի դեմ։
— Ինչու՞ Ռուսաստանը։
— Եթե հարցնեիք, թե ինչու ՆԱՏՕ-ն, ես կհասկանայի Ձեզ։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, կարծում եմ, բացատրություններն ավելորդ են։
— Ռուսաստանը, համենայնդեպս, հրապարակայնորեն, սատարում է Թուրքիայի արտադաշնակցային կարգավիճակը։
— Հիշեցնեմ այս պետությունների պատմական մրցակցության մասին, դժվար թե ինչ-որ բան փոխվել է։ ՆԱՏՕ-ից դուրս գալը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի նրան, որ Թուրքիան կվերանա։ Էրդողանը դա հասկանում է, հակառակ դեպքում, նա վաղուց դուրս կգար այս կազմակերպությունից։ Ինչպես Դուք միանգամայն ճիշտ նկատեցիք, նա ելք չունի։ Պատմության մեջ եղել է դեպք, երբ թուրքերը սառեցրել են դաշինքում իրենց մասնակցությունը։ Դրան հաջորդել է ռազմական հեղաշրջում, որից հետո նրանք վերականգնեցին անդամակցությունը։ Եթե թուրքերի ինքնապահպանման բնազդը ավելի բարձր լինի, քան առանձին քաղաքական առաջնորդների հավակնությունները, նրանք չեն հեռանա ՆԱՏՕ-ից։
— Փորձենք մեզ պատկերացնել թուրք գործիչների տեղում։ Իմ աչքի առաջ է Իրանի Իսլամական Հանրապետության օրինակը։ Այս երկիրը չկարողացան ընկճել նույնիսկ հեղափոխությունից առաջ։ Երբ պետականաշնորհեցին նավթը, ԿՀՎ-ն՝ բրիտանական հետախուզության հետ միասին, փորձեց հեղաշրջում իրականացնել Մուհամեդ Մոսադեղին տապալելու նպատակով: Նրան հեռացրին 1953 թվականի օգոստոսի 19-ին։ Վերջերս պաշտոնապես հայտնեցին այս գործում ԿՀՎ-ի մասնակցության մասին: Հետո տեղի ունեցավ հեղափոխություն, բայց Իրանը, այնուամենայնիվ, կարողացավ դիմադրել Արևմուտքի ճնշումներին: Դատելով իբրև թուրք ազգամետ քաղաքական գործիչ, ես ենթադրում եմ, որ այս տարբերակը հնարավոր է, հատկապես որ Ռուսաստանը հռչակում է բազմաբևեռ աշխարհ, BRICS։ Մենք համահունչ կլինենք այս օրինաչափությանը: Պատմական շանս է առաջացել վերջապես սկսել անկախ խաղ։ Իդեպ, այս կարծիքին է նաև Դողու Փերինչեքը։ Ասենք նաև, որ ՆԱՏՕ-ն նույնը չէ, ինչ 20 տարի առաջ, այն թուլացել է։
— Ես չէի համեմատի Իրանը Թուրքիայի հետ։ Իրանցիները լուրջ ժողովուրդ են, ունեն բազմադարյա դպրություն և մշակույթ։ Այնտեղ հավատացյալ մարդիկ են ապրում։ Մարդը, ով հավատում է Աստծուն, չի կարող վատ լինել։ Ի՞նչ է Թուրքիան: Օսմանյան կայսրությունը կոչվել է այդպես մեկ անձի՝ Օսման Ղազիի անունով։ Ինչո՞ւ։ Որովհետև այդպիսի ազգ չկա, նրանք գիր չունեն։ Պատմական տեսակետից թուրքերը, որպես ազգ, դեռ կայացման փուլում են, սա իմ կարծիքն է։ Իրանը կայացած պետություն է, որը դիմացել է ժամանակի փորձությանը և հաստատել իր ուժը։ Թյուրքական ցեղերը զարգացել են, բայց նրանց մտածողությունը դեռ մնում է ցեղային մակարդակում։
— Դրանք արդեն քոչվոր ցեղեր չեն։
— Որովհետև թափառելու տեղ չկա, բացի այլ մոլորակներից: Ուստի, ես չէի համեմատի Թուրքիան և Իրանը։ Նրանք տարբեր են: Ես չեմ ուզում վիրավորել որևէ ազգի։ Բոլոր ժողովուրդները, նույնիսկ երիտասարդ, որոնք նոր են հայտնվել որպես ժողովուրդ, ունեն կյանքի, գոյատևման իրավունք։ Աստված օրհնի նրանց, ոչ ոք նրանց չարիք չի ցանկանում։
— Իրանի դեպքում սա, ամենայն հավանականությամբ, հակահեղափոխություն է։
— Կա ազգային յուրահատկություն, որը կմնա, ինչ էլ որ լինի ժողովրդի հետ: Մենք՝ հայերս, ունենք մեր պատմությունը, լեզուն, մշակույթը, գրականությունը։ Մենք մի քանի անգամ կորցրել ենք պետականությունը, բայց վերականգնել ենք այն։ Օսմանյան կայսրության տարածքում տեղի է ունեցել ցեղասպանություն (1915-1923 թթ.): Մեր ժողովուրդը շատ այլ սարսափելի օրեր է ապրել։ Մինչ օրս մենք ճակատագրի հարվածներ ենք ստանում, բայց պայքարում ենք, և մենք գոյատևելու ենք։ Շատ ազգեր, նույնիսկ երբեմնի մեծ կայսրություններ պարզապես անհետացան: Հայերը, իրանցիները, արաբները ժողովուրդներ են, որոնք պատմականորեն գոյություն են ունեցել և կլինեն ապագայում իրենց ազգային յուրահատկության շնորհիվ:
— Որպես Ձեր խոսքերի ապացույց, չեմ կարող չհիշել այն փաստը, որ 1979 թվականի հեղափոխության ժամանակ Իրանը իսկապես չափազանց թուլացած էր։ Մեկ տարի անց սկսվեց արյունալի ութամյա պատերազմ Իրաքի հետ։ Թեհրանը չուներ հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր, տնտեսություն, գտնվում էր կոշտ պատժամիջոցների ներքո, ողջ աշխարհը նրա դեմ էր։ Եվ այնուամենայնիվ նա դիմակայեց։
Վերջին հարց. ինչ եք կարծում, հնարավո՞ր է արդյոք բազմաբևեռ աշխարհ: Ինչպե՞ս եք ընկալում բազմաբևեռ աշխարհի հայեցակարգը, արդյոք դա հավասարների երկխոսությու՞ն է:
— Իհարկե, սա իդեալական կլիներ ողջ մարդկության համար։ Ահա թե ինչին մենք պետք է ձգտենք։ Մարդիկ պետք է կարողանան միմյանց հետ խոսել հավասար դիրքերից։ Սա, իհարկե, իդեալական է: Ես չգիտեմ, թե քանի բևեռ կունենա աշխարհը։ Ամեն դեպքում, այն հաստատ չպետք է լինի միաբևեռ։ Դա ցույց տվեց վերջին 30 տարվա միաբևեռ բռնապետությունը։ Իդեպ, դա վերաբերում է նաև տարածաշրջաններին։ Եթե, օրինակ, Թուրքիան և Ադրբեջանը ստեղծում են ռազմական դաշինք, ապա, որպես հակակշիռ, պետք է ստեղծվի մեկ այլ ռազմական դաշինք։
— Հավասարակշռությու՞ն է հարկավոր։
— Այո, որտեղ կա ուժերի հավասարակշռություն, կայունություն է հաստատվում։ Որևէ մեկի մտքով չի անցնի հարձակվել ուրիշի վրա։
Հուսով եմ, որ ինձ կլսեն Իրանում։ Ես միշտ մեծ համակրանք եմ ունեցել Իրանի ժողովրդի նկատմամբ և երախտապարտ եմ իրանցիներին իրենց երկրում ապրող հայերին ցուցաբերած աջակցության համար։ Ես տեսնում եմ, թե ինչպես են վերականգնվում եկեղեցիները, ինչ խնամքով են վերաբերվում հայկական մշակույթին ու հավատքին։ Սա խոսում է Իրանի ժողովրդի մեծության մասին։ Միայն վեհ ժողովուրդը կարող է պահպանել մեկ այլ ժողովրդի մշակույթը։ Ցավոք, նույնը չեմ կարող ասել ադրբեջանցիների մասին։ Կրկնում եմ, միայն վեհ ժողովուրդն է ունակ խնամքով վերաբերվել այլ ազգի մշակույթին։
— Շատ շնորհակալ եմ։
Իմ հյուրն էր «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ ՊՆ նախկին նախարար (2021թ․) Արշակ Կարապետյանը։