Բաց նամակ-դիմում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ-դիմում 
Հայաստանի Հանրապետության վարչապետ
Նիկոլ Փաշինյանին
11 Դեկտեմբեր, 2024

Պարոն վարչապե՛տ։

 2023 թվականի սեպտեմբերի 19-ի էթնիկ զտումների հետևանքով Հայաստանի տարածքում ապաստան գտած արցախահայությունը հայտնվել է սոցիալ-տնտեսական ծանր վիճակում։ Հայաստանի իշխանությունների անիրատեսական քաղաքականության արդյունքում արցախահայության մի մասը (մոտ 40.000 մարդ) գերադասել է օտար ափերը Մայր Հայաստանից:

Դուք՝ որպես վարչապետ, անտեսել եք ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշումը․

1. Հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը:

2. ՀՀ համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում:

Արդյունքում՝ ՀՀ-ում ակնհայտորեն խախտվում են արցախահայության իրավունքները։ Առկա հարցերը լուծում չեն գտնում, քանի որ պատկան մարմինները, Ձեր թողտվությամբ, պատշաճ կերպով չեն ուսումնասիրում իրավիճակը:

Համաձայն Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից 2015 թ. հունիսի 16-ին կայացրած վճռի՝ ՀՀ-ն իրավազորություն ուներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքների նկատմամբ և պատասխանատվություն է կրում մարդու իրավունքների ցանկացած ենթադրյալ խախտման համար:

Համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի որոշման՝ արցախցիները ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձինք են (փախստականներ՝ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին կետի ուժով): Այդ անձանց նկատմամբ չեն պահպանվում նույն օրենքի 14-րդ և 24-րդ հոդվածների պահանջները․

1. Չի տրամադրվել ժամանակավոր կացարան՝ մինչև մշտականով ​​ապահովելը: Կառավարության կողմից սահմանած կարգով դրամական օգնություն տրամադրելիս հարկավոր էր հաշվի առնել Արցախի ժողովրդի առանձնահատուկ կարիքները (14-րդ հոդվածի 3-րդ կետ), սակայն ներկա պահին տրամադրվում է ընդամենը 40.000 + 10.000 դրամ գումար՝ առանց որևէ հաշվարկի (աջակցության տրամադրումը երկարաձգվել է մինչև 2025 թ․ ապրիլ ամիսը):

2. Համաձայն «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի, արցախցիներն ունեն Հայաստանի տարածքում աշխատանք փնտրելու և աշխատելու նույն իրավունքը, ինչ ՀՀ քաղաքացիները։ Մինչդեռ նրանց մերժում են աշխատանքի ընդունել՝ տարբեր անհիմն պատճառներով (ՀՀ քաղաքացիություն չունենալու և այլն)։

3. Համաձայն օրենքի 38-րդ հոդվածի՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության տարածքում ապաստան հայցողների և ՀՀ-ում ապաստան ստացած փախստականների՝ օրենքի 21-րդ և 23-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների իրականացման ուղղությամբ։ Այնուհանդերձ դա չի արվում։

ԼՂՀ-ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարանով ապահովելու ներկայիս պետական ​​ծրագիրը (3-5 մլն դրամի չափով վարկ՝ ՀՀ քաղաքացիություն ընդունելու պայմանով) ուղղակի նվաստացուցիչ է։ 2-3 հոգանոց ընտանիքի համար այս գումարով բնակարան գնելն իրատեսական չէ, քանի որ այն չի համապատասխանում շուկայական գներին։

Եթե ​​ՀՀ կառավարությունը, ելնելով բռնի տեղահանված և ՀՀ տարածքում հայտնված Արցախի բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությունից ու ղեկավարվելով Փախստականների կարգավիճակի մասին 1951թ. կոնվենցիայով և դրան կից 1967 թ. Արձանագրությամբ, շնորհում է փախստականի կարգավիճակ, հետևաբար, պետք է իրացնի դրանից բխող բոլոր պահանջները։ Պետք է ընդգծել, որ եթե ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով (3-րդ կետ, հոդված 1), ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը։

Ըստ ՀՀ Սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետությունը արցախահայության իրավունքների երաշխավորն է։ Հետևաբար, ֆորսմաժորային՝ էթնիկ զտումների հանգամանքներում, պետք է իրականացվեն բոլոր իրավահարաբերությունները։ Արցախահայերը աշխատավարձ են ստացել մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը, չեն ստացել վերջնահաշվարկ, չեն ստացել արձակման վճար, նաև ընդհատվել է նրանց աշխատանքային ստաժը։

ԱՀ Սահմանադրության 93-րդ հոդվածով սահմանված կարգով՝ Հանրապետության Նախագահը չունի պետական հիմնարկներ և դրանց ենթակա կազմակերպություններ լուծարելու սահմանադրական լիազորություն, այդ լիազորության իրավատերը ժողովուրդն է, և այն անբաժանելի է նրանից:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ԱՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում անմիջապես հրապարակվելուց հետո: Նույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումն իրականացվում է նորմատիվ իրավական ակտերի միասնական կայքում (arlexsis.am) տեղադրելու միջոցով:

ԱՀ Նախագահի 26.09.2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին ՆՀ-657-Ն հրամանագիրը կրում է նորմատիվ բնույթ, սակայն այն չի հրապարակվել (կայքն այլևս չի գործում), հետևաբար՝ այն պաշտոնապես ուժի մեջ չի մտել և փաստական հետևանքներ առաջացնել չի կարող:

Հետևաբար, ըստ օրենքի 43-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության բոլոր պետական ​​մարմինները պարտավոր են, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, լուծել ՀՀ-ում ապաստան հայցող անձանց և ապաստան ստացած փախստականների՝ նույն օրենքով և ՀՀ այլ օրենքներով իրենց իրավասություններին հանձնված ցանկացած խնդիր, ինչպես նաև կատարել Սահմանադրությամբ իրենց վստահված երաշխիքները:

Մասնավորապես.

1. Վերականգնել արցախահայության բոլոր խախտված իրավունքները (աշխատանքային ստաժ, աշխատավարձ և այլն):

2. Լուծել ժամանակավոր, ապա մշտական ​​կացարանների խնդիրը (տրամադրել բնակարաններ, այլ ոչ թե անշարժ գույքի շուկայական գներին չհամապատասխանող դրամական միջոցներ):

3. Օրենքով սահմանված կարգով տրամադրել սոցիալական ապահովության նպաստներ՝ հաշվի առնելով շուկայական գները, մինչև մշտական ​​աշխատանք և կացարան ապահովելը:

4. Ապահովել Արցախի ուսանողների կրթության շարունակականությունը։

5. Հանրության իրազեկմանը ներկայացնել Արցախ վերադարձի հարցի շուրջ բանակցությունների ներկա վիճակը։

6. Լուծել Բաքվի կողմից ապօրինի պահվող բանտարկյալների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի խնդիրը։

Նմանատիպ հարցերով արցախցիները բազմիցս դիմել են ՀՀ համապատասխան գերատեսչություններին։ Պատասխանը քար լռություն էր կամ ոչինչ չասող ձևական գրություններ:

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք լուծել վերը նշված բոլոր խնդիրները։

 

 

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների ներկայացուցիչներ՝

 

«Համահայկական ճակատ» շարժում

«Համահայկական ճակատ» կուսակցություն