2025 թվականի փետրվարի 4-ի Մ ԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2025 թվականի փետրվարի 4-ի Մ  ԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
4 Փետրվար, 2025

2025 թվականի հունվարի 31-ին «Համահայկական ճակատ» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել «Հայաստանի բնակչությունը և աշխատանքային ռեսուրսները» թեմայով կլոր սեղան։ Զրույցը վարել է կուսակցության աշխատակազմի ղեկավար Անահիտ Հակոբյանը:

«Համահայկական ճակատ» կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանը անդրադարձել է երկրում զբաղվածության և գործազրկության խնդիրներին: «Գյուղատնտեսության դեգրադացիան և գյուղական վայրերում աշխատատեղերի բացակայությունը հանգեցնում են նրան, որ գյուղերի բնակիչները, հատկապես երիտասարդները, թողնում են իրենց տները և գնում Երևան: Մայրաքաղաքում էլ հարմար աշխատանք չգտնելով՝ լքում են Հանրապետությունը։ Հայաստանից դուրս երիտասարդները ամուսնանում են և չեն ցանկանում վերադառնալ հայրենիք: Ինչի հետևանքով լուրջ հարցեր են առաջանում զորակոչի և ռազմական ռեզերվի ձևավորման հետ կապված: Այս իրավիճակի պատճառը մեր երկրի ղեկավարության չմտածված տնտեսական քաղաքականության մեջ է», - ընդգծել է նա։

Կուսակցության տեսչական խորհրդի անդամ Արմեն Սահակյանը տխուր վիճակագրություն է ներկայացրել։ «Եթե աշխարհում նկատվում է բնակչության աճի կայուն միտում, ինչը նկատելի է Ադրբեջանում և Թուրքիայում դրա թվաքանակի դինամիկայի վրա, ապա Հայաստանի բնակչության թիվը վերջին 20 տարիների ընթացքում պաշտոնական վիճակագրության համաձայն նվազել է 3-ից մինչև 2.7 միլիոն մարդ։ Միևնույն ժամանակ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տվյալներով՝ մեկ շնչի հաշվով հացի սպառման ցուցանիշները 2017 թվականի 280 գրամ/օրից 2022 թվականին աճել են մինչև 371,3 գրամ/օր (համաշխարհային միջին ցուցանիշը 300 գրամ/օր է)։ Սա վկայում է վիճակագրական ցուցանիշների ակնհայտ կեղծման և այն մասին, որ իրականում վիճակը շատ ավելի վատ է», - եզրափակել է Արմեն Սահակյանը։

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Նունե Սարումյանը տնտեսության օբյեկտիվ ցուցանիշների, բնակչության թվաքանակի և գործազրկության մասին քննարկումների ժամանակ նշել է, որ հիմնական պատճառն այն է, որ «կառավարությունը չի աշխատում ի շահ ժողովրդի»: Նա ընդգծել է իշխանության և ընդդիմության ջանքերի միավորման անհրաժեշտությունը՝ հրատապ խնդիրները լուծելու և իրավիճակը դեպի լավը որակապես փոխելու համար: Նույն կերպ է հանդես եկել նաև Արցախի կրթության, գիտության և սպորտի նախկին փոխնախարար Միքայել Համբարձումյանը՝ ընդգծելով այս թեմայի արդիականությունը նաև Արցախից տեղահանվածների համար, ովքեր պատրաստ են աշխատել հանուն Հայաստանի բարօրության:

Կուսակցության խորհրդի անդամ Սերգո Մուրադյանն ուշադրություն է հրավիրել 2018-2023 թվականների աշխատանքային միգրացիայի աղետալի մասշտաբների և բնակչության իրական արտահոսքի վրա. «Այս ընթացքում 250 հազար հայեր ձեռք են բերել օտարերկրյա քաղաքացիություն, այդ թվում՝ ավելի քան 146 հազարը դարձել են Ռուսաստանի քաղաքացիներ»: Միևնույն ժամանակ, հայրենի հողը հարկադրաբար լքած 120 հազար արցախցիներից բռնի տեղահանումից հետո մեկ տարվա ընթացքում միայն 3226 մարդ է ստացել Հայաստանի քաղաքացիություն»:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Հայկ Ղազարյանը երկրի ինքնիշխանության ամենակարևոր բաղադրիչներից մեկը համարել է գյուղատնտեսության զարգացումը: Նա շեշտը դրել է գյուղատնտեսության ոլորտին պետական աջակցության անհրաժեշտության և հատկապես Հայաստանի սահմանամերձ շրջաններում գյուղերի բնակիչների անվտանգության ապահովման վրա: «Հայաստանն ունի բոլոր պայմանները գյուղատնտեսության զարգացման համար, բայց առկա ռեսուրսների մինչև 65 տոկոսը չի օգտագործվում», - նշել է նա: ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրային, տնտեսական և էներգետիկ հարաբերությունների զարգացումը Հայկ Ղազարյանը համարել է պետության արտաքին տնտեսական քաղաքականության հիմնական գերակայությունը: «Ամենակարևորը Ռուսաստանի հետ հարաբերություններն են։ Մեզ համար այն եղբայրական երկիր է, մտածելակերպով ամենամոտը, մենք քրիստոնյա ժողովուրդներ ենք։ Այդ փոխհարաբերությունները դարեր շարունակ կառուցվել են բարեկամության վրա», - ընդգծել է նա։

Տնտեսական հարցերով փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանն իր ելույթը նվիրել է Հայաստանի Հանրապետության համար ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցության կարևորությանը՝ որպես պետության պաշտպանական, էներգետիկ, առևտրային և ֆինանսական կայունության բաղադրիչ: «ԵՄ-ում մեզ չեն սպասում։ Նույնիսկ Վրաստանը, որը ելք ունի դեպի ծով, 10 տարի չի կարողանում անդամակցել այդ կազմակերպությանը։ Իսկ Հայաստանի անդամակցությանը խոչընդոտում է նաև այն, որ եվրոպական շատ երկրներ տնտեսական մեծ հետաքրքրություն ունեն Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ։ Իսկ Հայաստանին եվրոպական 27 երկրներից գուցե միայն Ֆրանսիան է սպասում», - ասել է նա։

«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանը առաջարկել է ՀՀ կառավարությանը մշակել ծրագիր՝ գյուղատնտեսական ձեռնարկություններին հողի մշակման համար անհրաժեշտ սարքավորումներով ապահովելու համար, ինչը կնպաստի ոլորտի վերականգնմանը և գործազրկության խնդիրների լուծմանը: Անդրադառնալով Հայաստանի դեմ ագրեսիայի սպառնալիքի և բնակչության պաշտպանության արդիական հարցերին՝ Ռուզաննա Ստեփանյանը կոչ է արել հույսը չդնել անդրօվկիանոսյան գործընկերների օգնության վրա: Որպես հիմնավորում՝ նա մեջբերել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը, որում Արշակ Կարապետյանն ընդգծել է, որ 2025 թվականի հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից ստորագրված Կանոնադրությունը իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթ չէ» ։

 

 

«Համահայկական ճակատ» շարժման մամուլի ծառայություն