Արշակ Կարապետյան. ՀՀ վարչապետը վախենում է Ռուբեն Վարդանյանի վերադարձից

Արշակ Կարապետյան. ՀՀ վարչապետը վախենում է Ռուբեն Վարդանյանի վերադարձից
13 Մարտ, 2025

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հայտարարությունը` ռուսաստանյան ռազմական լրագրող Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ տված հարցազրույցում:

Հարցազրույցի տեքստային տարբերակը` ստորև:

Լրագրող - Ներկայումս հայ հասարակության առանցքային խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավարությունն է, որը հանրության կողմից ընկալվում է որպես ֆարս։ Ընդհանրապես, տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը մի կողմ է քաշվել ու դարձել ընդամենը դիտորդ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանգամանքը։

Արշակ Կարապետյան - Իմ ունեցած տեղեկություններով, Հայաստանի իշխանությունները չեն բարձրացնում ռազմագերիների հարցը ոչ հրապարակային, ոչ փակ բանակցություններում։ Վերջերս հաճախ ենք քննարկում Արցախի` գերի ընկած ռազմաքաղաքական ղեկավարության ճակատագիրը, սակայն չպետք է մոռանալ, որ գերության մեջ կան նաև զինվորականներ և քաղաքացիական անձինք։ Միաժամանակ, շատ մարդիկ համարվում են անհայտ կորած։ Մեր ունեցած տեղեկություններով, նրանցից մի քանիսը համարվոմ են ոչ թե կորած, այլ գտնվում են գերության մեջ։ Նրանք մնում են գերության մեջ, բայց ավելի ծանր պայմաններում, քանի որ նրանց կարգավիճակը հայտարարված չէ։ Հարկավոր է մանրակրկիտ ուսումնասիրել և ստուգել անհայտ կորածների մասին տեղեկությունները: Գործադրելով բոլոր անհրաժեշտ ուժերն ու միջոցները պետք է հասնել բոլոր գերիների ազատ արձակմանը, ովքեր գտնվում են ադրբեջանական բանտերում։

Պատերազմող կողմերի միջև ուղիղ բանակցություններ վարելը մեծ սխալ է, որը կհանգեցնի շատ տխուր հետևանքների։ Պատկերացրեք` երկու հոգի կռվի են բռնվել։ Իրար ծեծել են այնքան, մինչև արյունահոսել են, կոտրել են բոլոր ոսկորները։ Ու հանկարծ երկուսով նստում են ու սկսում բանակցել։ Ի՞նչ եք կարծում, ինչպիսին կլինեն այդ բանակցությունները և ինչպես կավարտվեն։ Ամենից հավանական է, որ կողմերը նորից կռվելու են։ Սա հենց այն է, ինչ կատարվում է հիմա։ Հայաստանի վարչապետն այժմ ամեն ինչ հանձնում է, բայց գերիների մասին չի խոսում։ Նա պարզապես վախենում է Ռուբեն Վարդանյանի վերադարձից։

Լուսանկարներ են հայտնվել, որոնք ապացուցում են, որ գերիները ենթարկվել են խոշտանգումների։ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դեմքին կան կապտուկներ և ծեծի հետքեր։ Բակո Սահակյանի նախկին անձնական բժիշկ Սասուն Վագանյանը հայտարարել է, որ Բաքվի բանտում կոտրել են նրա առջևի ատամները։

Այս դեպքում մեկնաբանություններն ավելորդ են, կարելի է միայն վրդովվել։ Որպես պաշտոնաթող անձ, կարող եմ ասել, որ պետությունը գերիներին ազատագրելու երեք ճանապարհ ունի։ Առաջին քայլը բանակցային գործընթացի վերականգնումն է։ Առանց միջնորդների Հայաստանը չպետք է նստի Ադրբեջանի հետ բանակցային սեղանի շուրջ, սա կոպիտ սխալ է։ Կարող եմ ասել, ինչքան շատ միջնորդներ, այնքան լավ։ Իհարկե, գերիների վերադարձի հարցում մեր հիմնական դաշնակիցը Ռուսաստանն է։ Ադրբեջանն էլ կարող է հրավիրել իր միջնորդին։ Երկրորդ. չսկսել խաղաղության բանակցություններ, քանի դեռ Ադրբեջանից բոլոր գերիներն ու կալանավորները չեն վերադարձվել։ Երրորդ. պետք է ստորագրել ո՛չ թե խաղաղության, այլ խաղաղ բանակցությունների ընթացակարգի և ձևաչափի մասին փաստաթուղթ։

Գերիների փոխանակում պետք է լինի, սակայն Հայաստանում գերիներ չկան. Նիկոլ Փաշինյանը անտրտունջ բոլորին փոխանցեց Բաքվին։ Կարծում եմ, որ խաղաղ բանակցությունների ճանապարհին պետք չէ անդրադառնալ հետպատերազմյան սահմաններին վերաբերող հարցերին։ Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքեն մեր տարածքը և վերադառնան իրենց նախկին դիրքեր։ Այս գործողություններն ավարտելուց հետո միայն կարելի է սկսել խաղաղության պայմանագրի տեքստի մշակումը, նստել բանակցությունների սեղանի շուրջ և սկսել քննարկում: Մեկ այլ ճանապարհ էլ կա․ ցանկության դեպքում Հայաստանի համապատասխան ծառայությունները պարզաբանումների համար կարող են այս հարցով դիմել ինձ։

Լրագրող - Հայկական Սփյուռքը որոշ քայլեր ձեռնարկում է, սակայն այս ֆոնին շատերը քննադատում են Ռուսաստանի հայ համայնքների անտարբերությունն ու պասիվությունը։ Ավելացնեմ, որ հայ ժողովրդի մեծ բարեկամ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, ում մուտքը Հայաստան արգելված է, կազմակերպել էր կլոր սեղան` նվիրված Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք տվյալ հարցում հայկական համայնքների պասիվությունը։

Արշակ Կարապետյան - Ես չեմ կարող գնահատական տալ, քանի որ այդ հարցում տեղեկություն չունեմ։ Բայց կցանկանայի նշել, որ հայկական համայնքները մեկուսի են և միասնական չեն գործում։ Եթե նրանք բռունցքի պես միավորված լինեին, իրավիճակը բոլորովին այլ կլիներ։

Լրագրող - Հայաստանում գործում է մոտ 200 կուսակցություն ու կազմակերպություն, որոնք բոլորն էլ խոսում են հայրենասիրության ու ազգային արժեքների մասին։ Սակայն դա չի խանգարում նրանցից մի քանիսին ստանալ եվրոպական և ամերիկյան դրամաշնորհներ, մասնավորապես՝ USAID-ի կողմից։ Արևմտամետ կազմակերպությունները հաճախ պնդում են, որ Եվրամիությանն անդամակցությունը մեր միակ փրկությունն է: Հարց է առաջանում` ե՞րբ դա տեղի կունենա։

Արշակ Կարապետյան - Ցավոք սրտի, պետք է նշեմ որոշ անհատների` երկակի ստանդարտներով գործողությունները, որոնցից շատերը բարձրաձայնում են հայրենասիրության և ազգային արժեքների մասին, իսկ իրականում մտածում են միայն սեփական շահի մասին։ Մենք փոքր ազգ ենք և դա լուրջ վտանգ է մեր ինքնության ու մեր գենոֆոնդի պահպանման համար։

Օրինակ բերեմ․ եկել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի երրորդ գումարման պատգամավոր, խոսում է մեր պետականության ու ազգի մեծության մասին։ Հայրենասիրական խոսքերից հետո փող է խնդրում։ Մենք բացատրում ենք, որ մենք փող չենք բաժանում, այն ամենը, ինչ անում ենք` հիմնված է գաղափարախոսության վրա։ Նույնը տեղի է ունենում նաև Ռուսաստանի հայկական համայնքներում, թեև ավելի քիչ։

Լրագրող - «Համահայկական ճակատ» շարժումն ու կուսակցությունը ակտիվ մասնակցում են հայ գերիների ազատ արձակման հրապարակային միջոցառումներին։ Ձեր կարծիքով, կա՞ն նրանց վերադարձնելու այլ լծակներ:

Արշակ Կարապետյան - Այսպես մեկնաբանեմ․ լինելով իշխանության ներկայացուցիչ` ես կմշակեի գերիների ազատ արձակման համալիր միջոցառումների պլան։ Առաջին. գործունեություն միջազգային ասպարեզում, տեղեկատվական դաշտում և քարոզչական աշխատանք սոցցանցերում։ Երկրորդ․ գործունեություն միջազգային իրավական դաշտում։ «Համահայկական ճակատ» շարժումն այս հարցում կոնկրետ գործողությունների ծրագիր ունի։ Մենք կապեր ու հարաբերություններ ենք ստեղծում նաև Հայաստանում և փորձում ենք այս ամենը տեղափոխել գաղափարական հարթակ։ Երրորդ. Հայաստանի հատուկ ծառայությունների և հատուկ նշանակության ուժերի գործունեությունն է։ Չորրորդ․ անհրաժեշտ են իշխանության և ընդդիմության համատեղ գործողություններ։ Հինգերորդ․ աշխատանք հայկական սփյուռքի հետ, որտեղ խնդիրները պետք է բաշխվեն ամերիկյան, ֆրանսիական, ռուսական և աշխարհի այլ հայկական համայնքների միջև: Որոշ հանգամանքների դեպքում, Սփյուռքը պետք է վճռական քայլեր ձեռնարկի, ակտիվացնի առկա կապերը, համագործակցի ԱՄՆ կոնգրեսականների հետ և այլն։

Ադրբեջանը մի պետություն է, որի պատմությունը սկսվել է 1920 թվականին։ Կցանկանայի նշել, որ բիզնեսում և կառավարման ոլորտում բարձր պաշտոններ զբաղեցրած հայերն օգնեցին Ադրբեջանին դառնալ պետություն։ Փաստեմ, որ մինչև 1930 թվականը Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղարները եղել են ազգությամբ ոչ ադրբեջանցիներ։ Ադրբեջանցիները չունեն պատմություն, որի մասին այդպիսի պարծանքով են խոսում։ Ադրբեջանի զարգացման, նրա կառուցման, մշակույթի և գիտության մեջ հսկայական ներդրում ունեցան հայերը, որոնք ադրբեջանցիների հետ կողք-կողքի ապրում էին մինչև 1988 թվականի փետրվարի սումգայիթյան ջարդերը, երբ ադրբեջանցիները կոտորեցին խաղաղ հայ բնակչությանը։

Ինչպես բոլորս գիտենք, թուրքերն Արարատ լեռն այլկերպ են անվանում։ Բայց ամբողջ աշխարհում հայտնի է, որ Արարատ լեռը Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետն է, որի մասին հիշատակվում է Աստվածաշնչում։ Եվ աշխարհում ոչ ոք Արարատ անունը չի փոխի թուրքական անվանմամբ և չի խեղաթյուրի Հայաստանի պատմությունը։ Իսկ մարդիկ, ովքեր դա չեն հասկանում, կատարում են թուրքերի քմահաճույքներն ու հրամանները։ Դրանք հիմնականում իրավապահ մարմիններն են, որոնք անհիմն քրեական գործեր են հարուցում մեր քաղաքացիների, հատկապես ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ, որոշ դեպքերում կոռուպցիայի դեմ պայքարի պատրվակով գույք են բռնագանձում։

Կարծում եմ, ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի և ամեն ինչ լավ կլինի։ Մեր ժողովուրդը այն ազգերից չէ, ով չի կարողանում դուրս գալ դժվար իրավիճակներից։ Կցանկանայի նշել, որ մենք ապրեցինք Օսմանյան կայսրությունում (1915-1923) Հայոց ցեղասպանությունը, որից հետո կարողացանք ինքնակազմակերպվել որպես ազգ և ունենալ հսկայական սփյուռք ամբողջ աշխարհում, ստեղծեցինք Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դարձանք անկախ պետություն։

Պետք է ասեմ, որ Ադրբեջանը ապագա չունեցող պետություն է։ Ես այդ ժողովրդին ոչ մի վատ բան չեմ ցանկանում, միաժամանակ բազմիցս ասել եմ, որ ցանկացած ազգ գոյության իրավունք ունի, նույնիսկ եթե ունի երկօրյա պատմություն։ Կարևոր չէ նրանց պատմությունը, կարևոր չէ, եղե՛լ է այն արդյոք, թե ո՛չ։ Բայց, երբ ինչ-որ բան անում են, պետք է պատկերացնեն իրենց ապագան։

Եվս մեկ պատճառ, թե ինչու նրանք ապագա չունեն․ Ադրբեջանն ունի չափազանց մեծ հարստություն (ածխաջրածիններ), և աշխարհի ուժեղ պետությունները կխլեն այդ ամենը նրանից: Ես առավել քան համոզված եմ դրանում։ Ինչպես ցույց է տալիս համաշխարհային պրակտիկան, հենց այդպես էլ լինում է։

Վերը նշված խնդիրներն ու հարցերը պետք է լուծել, և դա պետք է անեն իրավասու մարդիկ։ Հայաստանը պետք է ղեկավարի գրագետ ու ազնիվ վերնախավ։

Ազգեր, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են` վերանում են:

Մենք` հայերս, հաղթելու ենք, հաղթանակը մերն է լինելու։

Մի՛ կասկածեք: