«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի թեզերը: Արշակ Կարապետյանի հեղինակային «Բնագիծ» հաղորդաշարի համար 14 թողարկում․ «Հայաստանի քաղաքացու միասնական սոցիալական փաթեթ»

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի թեզերը: Արշակ Կարապետյանի հեղինակային «Բնագիծ» հաղորդաշարի համար 14 թողարկում․ «Հայաստանի քաղաքացու միասնական սոցիալական փաթեթ»
1 Ապրիլ, 2025

«ԲՆԱԳԻԾ» հաղորդաշարի նախորդ թողարկումներում քննարկել ենք մեր երկրում առկա մի շարք իրական, այդ թվում ժողովրդագրական, աշխատանքային ռեսուրսների, նախադպրոցական, դպրոցական և բարձրագույն կրթության համակարգի, ինչպես նաև սոցիալական ոլորտի խնդիրներ: Միաժամանակ արձանագրել ենք, որ Հայաստանը հասել է անվերադարձի կետին, որին հաջորդում է ինքնիշխանության, ապա և պետականության կորուստը։

Այսօր կխոսենք ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների մասին։ «Համահայկական ճակատ» շարժումը մշակել է սեփական գործողությունների համապարփակ մի ծրագիր, որի հիմքում դրված է «Հայաստանի քաղաքացու միասնական սոցիալական փաթեթը»։

Փաստաթղթի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ մեր տեղեկատվական ռեսուրսներում: Սպասում ենք ձեր գնահատականներին, առաջարկներին և քննադատական դիտողություններին, որոնք կարևոր են մեր առաջարկած նախագծը կատարելագործելու համար:

Պատմեմ այս նախագծի գաղափարի մասին։

«Համահայկական ճակատ» շարժումը օբյեկտիվորեն է գնահատում Հայաստանի Հանրապետության իրական ֆինանսատնտեսական հնարավորությունները և իր առջև չի դնում անիրագործելի խնդիր՝ մի ակնթարթում երջանկացնել երկրի ողջ բնակչությանը։ Մենք չենք ձգտում կուրորեն քննադատել գործող իշխանությանը և դրական ենք գնահատում նրա ձեռնարկած որոշակի քայլերը։ Մեր հիմնական սկզբունքն է չխաբել մարդկանց և չտալ անիրագործելի խոստումներ։

Մենք մշակել ենք պետության սոցիալական քաղաքականության նոր մոդել, որն ունի հայ հասարակության սոցիալական ապահովությունն ու բարեկեցության մակարդակը բարձրացնելու և ինքնակարգավորվելու հնարավորություն։ «Հայաստանի քաղաքացու միասնական սոցիալական փաթեթ» նախագիծը պարունակում է հիմնական սոցիալական ծրագրերի ցանկ և դրանց ֆինանսատնտեսական ապահովման հիմնավորված մեխանիզմներ, ինչպես նաև նախատեսում է երկրի յուրաքանչյուր քաղաքացու անձնական պատասխանատվությունն ու շահագրգռվածությունը դրանց իրականացման գործում։

Մեր Նախագիծը ներառում է ոչ միայն արտոնություններ, այլ նաև որոշակի պայմաններ, որոնց չկատարման դեպքում անհնար կլինի ապահովել բնակչության բարեկեցության բարելավումն ու սոցիալական որևէ ծրագրի իրագործումը։ Պետության կողմից քաղաքացիների իրավունքների պահպանման և քաղաքացիների կողմից իրենց պարտականությունների պարտադիր կատարման համադրությունը հանդիսանում է ցանկացած երկրի իրական ինքնիշխանության և ֆինանսատնտեսական ինքնաբավության համար անհրաժեշտ պայման։

Մենք հստակ առանձնացնում ենք պետության և քաղաքացու պարտականությունները։ Պետությունը պատասխանատու է Սահմանադրության բոլոր դրույթների խստիվ պահպանման համար՝ սկսած պետական անվտանգությունից մինչև կոնկրետ քաղաքացու իրավունքներն ու յուրաքանչյուր հայի բարեկեցությունը։ Պետությունը յուրաքանչյուր քաղաքացուց պահանջում է պատշաճ կերպով կատարել իր քաղաքացիական պարտականություններն ու կրել անձնական պատասխանատվություն։

Շարժումը կարծում է, որ անհրաժեշտ է կրճատել բարձր և ցածր եկամուտների միջև անջրպետը, որպեսզի ձևավորվի կայուն միջին խավ, բնակչության առնվազն 20 %-ի չափով։ Խոսքը բնակչության ցածր եկամուտների բարձրացում ապահովող միջոցառումների մասին է, այլ ոչ թե բարձր եկամուտները սահմանափակելու կամ բռնագրավելու։

Մենք առաջարկում ենք բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, առողջապահության ոլորտի բարելավմանը, մայրության ու մանկության աջակցությանն ուղղված կոնկրետ, լայնամասշտաբ և հետևողական ամբողջական համալիր միջոցառումներ: Մշակում ենք գործազրկությունը հաղթահարելու, աշխատողների իրավունքները պաշտպանելու, աշխատանքի անվտանգությունն ու արժանապատիվ վարձատրությունը ապահովելու միջոցառումներ։

Մենք մտադիր ենք օրենսդրորեն ամրագրել բնակչության եկամուտների բարձրացման համապատասխան մեխանիզմներ, որոնք թույլ կտան առաջ անցնել արժույթի արժեզրկման գործընթացից և իրական գնաճից, ինչպես նաև սահմանել աշխատանքային օրվա ու շաբաթվա առավելագույն տևողությունը կարգավորող պահանջներ՝ պարտադրելով գործատուներին վճարել արտաժամյա աշխատանքի համար։ Միաժամանակ առաջարկում ենք բոլոր կատեգորիաների քաղաքացիների, այդ թվում՝ գյուղում բնակվողների և զինվորական թոշակառուների համար կենսաթոշակային ապահովման բարելավման իրական ուղիներ։

Մեր նախաձեռնությունները կրթության ոլորտում ներառում են լիովին անվճար տարրական, միջնակարգ, ավագ և մասնագիտական կրթություն, սնունդ դպրոցներում և պետական հանրակրթական դպրոցների համար հիմնական դասագրքեր: Պարտադիր պետական աջակցություն անապահով ընտանիքներին, ինչպես նաև սահմանափակ հնարավորություններով երեխաների կրթության ապահովում:

Մենք երաշխավորում ենք հետդպրոցական կրթության ցանկացած ձևի հասանելիությունը յուրաքանչյուր քաղաքացու համար՝ անկախ նրա ֆինանսական հնարավորություններից, պետության հետ կնքած արդար պայմանագրի հիման վրա։ Բարձրագույն կրթության հասանելիությունը կիրականացվի պետական բուհերում անվճար տեղերի ավելացման շնորհիվ՝ դրանց պարտադիր համալրմամբ։ Գյուղական դպրոցների շրջանավարտների համար ԲՈՒՀ-երում կսահմանվի խմբաքանակ՝ գյուղում առկա երիտասարդության քանակին համապատասխան։

Առանձնակի ուշադրություն է դարձվում ռազմաուսումնական հաստատություններին, որոնք հանդիսանում են երկրի պաշտպանունակության և անվտանգության հիմքը։

Հաշվի առնելով, որ կրթական ծանրաբեռնվածության ավելի քան 80 %-ը բաժին է ընկնում պետական ԲՈՒՀ-երին, մասնավոր բուհերը աստիճանաբար կմիավորվեն կրթական համալիրներում՝ կրթության որակի պետական վերահսկողության միասնական մեթոդաբանությամբ։ Գործող իշխանությունների կողմից առաջ քաշվող ակադեմիական քաղաքի գաղափարը կարող է մասամբ կիրառվել, բայց միայն մասնավոր բուհերի պարագայում։

Պետությունը երաշխավորում է քաղաքացիներին արժանապատիվ աշխատանք ուսման ավարտից հետո։

Մեր Նախագիծը ներառում է նաև հատուկ ծրագրերով պետական կառավարման մասնագիտությամբ կադրերի նախապատրաստման, այդ թվում նաև տեղական ինքնակառավարման մարմիններին կից, ինստիտուցիոնալ բազայի ստեղծում։

Առաջարկվող սոցիալական ծրագրերի իրականացումը պահանջում է զգալի ֆինանսական միջոցներ։ Որպես այդ ֆինանսական միջոցների աղբյուր կարող են հանդիսանալ․ հարկային մուտքերը, ներդրումները, նպատակային և արտաբյուջետային ֆինանսավորումը, սոցիալական հիմնադրամների միջոցները, համապատասխան պայմանագրերը գործարարների հետ։ Այս ոլորտում կամայականությունը, ռեսուրսների ոչ նպատակային օգտագործումն ու դրանց չհիմնավորված վերաբաշխումը բացառելու նպատակով առաջարկում ենք փոփոխություններ կատարել հարկային օրենսդրության մեջ։

Թվային տեխնոլոգիաների զարգացման ժամանակակից պայմաններում հարկային համակարգի կարգավորման տեխնիկական կողմը էական դժվարություններ չի ներկայացնում։ Ի վերջո, պետությունը պետք է հասնի մի այնպիսի մակարդակի, որ ո՛չ թե կոնկրետ պաշտոնյաները որոշեն, թե որքան գումար պետք է հատկացնել այս կամ այն նպատակի համար, այլ քաղաքացիներն ու ինքնակարգավորվող ինտելեկտուալ մեխանիզմները՝ ուղղված տնտեսության, սոցիալական ոլորտի և, հետևաբար, բնակչության բարեկեցության արդյունավետ զարգացման մոդելներին։

«Հայաստանի քաղաքացու միասնական սոցիալական փաթեթի» հիմքում դրված է հետևյալ բանաձևը․ Քաղաքացիական պարտականություններ – սոցիալական պատասխանատվություն – սոցիալական իրավունքներ։ Քաղաքացին, ով բարեխղճորեն կատարում է իր քաղաքացիական պարտականությունները, չպետք է խնդրի կամ միջնորդի իր իրավունքները պաշտպանելու համար։ Պետությունը պետք է հետևի, որպեսզի քաղաքացու բոլոր իրավունքները լիակատար կյանքի կոչվեն։ Քաղաքացիների իրավունքների ապօրինի սահմանափակման, ինչպես նաև դրանց իրականացման համար համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում պաշտոնատար անձինք պետք է կրեն ինչպես նյութական, այնպես էլ այլ իրավական հետևանքներով պատասխանատվություն։

Այսօր արդեն կարելի է ձեռնարկել որոշակի քայլեր։ Դրա համար անհրաժեշտ են երեք կարևորագույն բաղադրիչ․ սեր հայ ժողովրդի հանդեպ, քաղաքացիական պատասխանատվություն և քաղաքական կամք։

 «Համահայկական ճակատ» շարժումն օժտված է այս հատկություններով։