«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ
23 Ապրիլ, 2025

Եղբայրներ և քույրեր, սիրելի հայեր՜

 

 

Մեր ժողովուրդը յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին հիշում ու խնկարկում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Օսմանյան Թուրքիայի կառավարիչները, օգտվելով Գերմանիայի աջակցությունից և Բրիտանիայի թողտվությունից, 1915 թվականի այդ զարհուրելի օրը, Թուրքիայիում և Արևմտյան Հայաստանում, պետական մակարդակով հայերի բնաջնջման նախօրոք և մանրամասնորեն ծրագրված ոճրագործության սկիզբը  դրեցին։ Մեկ գիշերվա ընթացում ձերբակալվեցին և հետագայում սպանվեցին հայ մտավորականության առավել քան ութ հարյուր ներկայացուցիչ։ Այդ անմեղ զոհերի ցանկում էին պատգամավորներ, գիտնականներ և մանկավարժներ, գրողներ և մշակույթի գործիչներ, բժիշկներ ու հոգևորականներ։ Դրան հաջորդած բազմամյա Եղեռնի զոհ դարձան մեկուկես միլիոն հայեր։ Արևմտյան Հայաստանի միլիոնավոր հայեր տեղահանվեցին իրենց պատմական բնօրրանից և հայրենազրկվեցին։

Հայոց ցեղասպանության փաստը պաշտոնապես ճանաչել և դատապարտել են աշխարհի 34 պետություն և ավելի քան 20 միջազգային կազմակերպություն։ Եվրախորհրդարանը, դեռ 2015 թվականին, ապրիլի 24-ը հայտարարել է որպես «Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր»։ Չնայած այդ հանգամանքին, Արևմուտքը, ինչպես 110 տարի առաջ, այնպես էլ հիմա աչք է փակում Արցախում իրականացված նեոօսմանյան ցեղասպանության փաստերի վրա։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Թուրքիայի աջակցությամբ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի և Հայաստանում իշխող վարչախմբի դավաճանական պահվածքի արդյունքում Արցախի ողջ բնակչությունը՝ շուրջ 120 հազար մարդ, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, ստիպված լքել են իրենց հայրական տները։ Արցախի առաջնորդները ձերբակալվել և մինչ օրս բռնությամբ պահվում են Ադրբեջանում։

Ցեղասպանության զոհերի հիշատակումը քաղաքական ակցիա չէ։

Այսօր այն մեր ազգային և պետական անվտանգության բաղկացուցիչ տարրն է։ Մոռացության մատնելով օսմանյան բռնակալության անմեղ զոհերին, ինչին համառորեն ձգտում են մեր ագրեսիվ հարևանները, մենք ինքներս մեզ կզրկենք ոչ միայն պատմական հիշողությունից, այլև Հայրենիքից։

Ցեղասպանության մեղավորներն անխուսափելիորեն կկրեն իրենց պատիժը։ Այդպես եղել է, այդպես էլ կլինի ։

«Համահայկական ճակատ»

շարժման և կուսակցության առաջնորդ

Արշակ Կարապետյան