«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Երևանի օրվա կապակցությամբ

Եղբայրներ և քույրեր, սիրելի՛ հայեր։
Սիրելի՛ երևանցիներ։
Հարգելի՛ հայրենակիցներ՝ տարբեր երկրներում։
Երևանի բարեկամներ և հյուրե՛ր։
Այսօր Հայաստանի մայրաքաղաք Երևանը դառնում է 2807 տարեկան։ Սրտանց շնորհավորում եմ այստեղ ծնված և մեծացածներին, ում համար քաղաքը հարազատ տուն է, ինչպես նաև նրանց, ովքեր եկել և ապրում են այստեղ՝ իրենց ճակատագրերը կապելով մեր գեղեցիկ քաղաքի հետ։
Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրն իրոք գնահատում է մեր հին, բայց հավերժ երիտասարդ քաղաքը։ Եվ ամենակարևորը՝ մենք կիսում ենք անկեղծ և անձնուրաց սերը Երևանի նկատմամբ, ինչն էլ իր հերթին նպաստում է, որ Երևանի օրը վերածվի իսկական տոնակատարության։
Երևանը քաղաքի կարգավիճակ ստացավ 1877 թվականի մարտի 22-ին։ Այն Հայաստանի 12-րդ մայրաքաղաքն է։ 1918 թվականից այն եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության, 1920 թվականից՝ Խորհրդային Հայաստանի, իսկ 1991 թվականից՝ անկախ Հայաստանի մայրաքաղաքը։
Հնագույն ժամանակներից ի վեր մեր քաղաքը կանգնած է եղել «Երևանի ճամփա» կոչվող ճանապարհների խաչմերուկում։ Ահա թե ինչու քաղաքը միշտ գայթակղիչ թիրախ է եղել օտարերկրյա զավթիչների համար։ Երևանը ստիպված է եղել պայքարել ամեն տեսակի ավազակների դեմ։ Մոնղոլ խաները, թյուրքական սուլթանները, արաբ ոստիկանները, սելջուկ էմիրները և պարսիկ սարդարները՝ բոլորը փորձել են գրավել քաղաքը։
Բայց Երևանը անսասան դիմացավ բոլոր ներխուժումներին։ Այսօր այն կանգնած է ամուր, աստվածաշնչյան Արարատի հսկող հայացքի ներքո։
Մենք բոլորս տարբեր սերունդների և մասնագիտությունների մարդիկ ենք, ունենք տարբեր հայացքներ և հետաքրքրություններ, բայց անկախ այդ ամենից Երևանի օրը մեր ընդհանուր տոնն է, որովհետև մեզ միավորում է մեր ընդհանուր տան հանդեպ ունեցած սերն ու մտահոգությունը նրա ապագայի մասին։ Երևանի օրը հրաշալի հնարավորություն է սեր արտահայտել մեր հայրենիքի նկատմամբ, որտեղ ապրում ենք, սովորում, աշխատում, ընտանիք կազմում, զավակներ մեծացնում։
Մեր մայրաքաղաքի հարուստ պատմությունը, ավանդույթները, մշակութային արժեքներն ու յուրահատուկ մթնոլորտը գրավում են զբոսաշրջիկներին և այցելուներին։ Մեկ անգամ այցելելով Երևան՝ մարդիկ երազում են վերադառնալ այս հրաշալի քաղաք։ Սա, անկասկած, առաջին հերթին պայմանավորված է ավագ սերնդի ջանքերով, նրանց, ովքեր աշխատել են քաղաքի բարօրության համար։ Անվանի շատ մարդիկ իրենց անունները գրել են մեր քաղաքի տարեգրքում։ Կարևոր է, որ երիտասարդ երևանցիները նույնպես հավատարիմ մնան ավանդույթներին և ձգտեն քաղաքն ավելի լավն ու գեղեցիկ դարձնել։
Հայրենասիրությունը, քաղաքացիական պատասխանատվությունը և ապրելավայրի նկատմամբ հարգանքը սկսվում են ընտանիքիդ և ընկերներիդ, տան, բակի, քաղաքի մասին հոգ տանելուց։ Այս դեպքում միայն կարող ենք վստահ լինել մեր մայրաքաղաքի ապագայում։
Ցավով եմ նշում, որ Երևանի ներկայիս ղեկավարները, իրենց անհասկացողության, անգիտակ մոտեցման, սիրողականության և կոռուպցիայի պատճառով, ամիս առ ամիս, տարեցտարի, մեր երբեմնի հայտնի վարդագույն քաղաքը վերածում են անդեմ բարձրահարկ բետոնե շենքերի մի հավաքածուի։
Տարիներ շարունակ Երևանում լուծում չեն գտնում տրանսպորտի և ուղեվարձի խնդիրները, չնայած բազմաթիվ դրամաշնորհներին և այլ երկրներից ստացված զգալի օգնությանը։
Աղբահանությունը վաղուց իսկական գլխացավանք է դարձել ամբողջ բնակչության համար։
Սիրելի՛ քաղաքացիներ։
Մենք դեռ շատ անելիքներ ունենք՝ ուղղված Երևանի ենթակառուցվածքների զարգացմանը, տնտեսական ներուժի ավելացմանը, շրջակա միջավայրի հետ կապված խնդիրների լուծմանը, քաղաքի բարեկարգմանը և բնակիչների կյանքի որակի բարելավմանը։
Եվ քանի որ ես ծնվել և մեծացել եմ Երևանում, կարող եմ ասել, որ երևանցիները ակտիվ, ստեղծագործ, նպատակասլաց մարդիկ են, ովքեր հոգ են տանում իրենց հայրենիքի ճակատագրի մասին։ Ուրեմն, մենք կհաղթահարենք բոլոր մարտահրավերները, որպեսզի քաղաքը արժանապատվորեն փոխանցել ապագա սերունդներին։
Մաղթում եմ մեր սիրելի քաղաքին շարունակական զարգացում և բարգավաճում, հետաքրքիր ներդրումային առաջարկներ, նոր նախագծեր, լրացուցիչ աշխատատեղեր, բարեկեցություն և, իհարկե, խաղաղ երկինք։
Մաղթում եմ ձեզ բոլորիդ առողջություն և հաջողություններ բոլոր բարի գործերում՝ մեծ ու փոքր։ Թող յուրաքանչյուր երևանցի ընտանիքի կյանքը լցված լինի ուրախությամբ, բարեկեցությամբ և ապագայի նկատմամբ վստահությամբ։
Եկեք հարգենք ու սիրենք մեր մայրաքաղաքը և ասենք.
«Տո՛նդ շնորհավոր, իմ տուն, իմ Երևան»։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ
Արշակ Կարապետյան