«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը երկրաշարժի 37-րդ տարելիցի առթիվ
Եղբայրներ և քույրեր, սիրելի՛ հայեր։
Հարգելի հայրենակիցներ, այսօր մենք հիշում և խորին հարգանքի տուրք ենք մատուցում Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերին։
1988 թվականի դեկտեմբերի 7-ը մեր պատմության ամենաողբերգական օրերից մեկն է։ Այդ օրը, տեղական ժամանակով 11։41-ին, Հայաստանում տեղի ունեցավ ավելի քան 9 բալ ուժգնությամբ աղետալի երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Նալբանդ գյուղում՝ Սպիտակ քաղաքի մոտակայքում։ Աղետի գոտին ընդգրկեց Հայաստանի հյուսիսային մասը, որտեղ ապրում էր ավելի քան 1,130,000 մարդ։ Ստորգետնյա ցնցումները 30 վայրկյանում գրեթե լիովին ոչնչացրեցին Սպիտակ քաղաքը և ուժեղ ավերածություններ պատճառեցին Լենինական, Կիրովական և Ստեփանավան քաղաքներին։ Ընդհանուր առմամբ տարերքից տուժեց 21 քաղաք, 350 գյուղ, դրանցից 58-ը ամբողջությամբ ավերվեցին։
Բնական աղետի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազար մարդ, 140 հազար մարդ դարձավ հաշմանդամ, իսկ 514 հազար մարդ՝ անօթևան։ Երկրի տնտեսությանը, ժողովրդի հոգեբանական վիճակին հասցվեց հսկայական հարված, որի հետևանքները զգացվում են մինչ օրս։
Մենք խոնարհվում ենք 37 տարի առաջ ավերիչ երկրաշարժի զոհ դարձած մեր հազարավոր հայրենակիցների հիշատակի առջև:
Արտաքինից կառավարվող, անգործունակ, մանկամիտ և դավաճան վարչախմբի գործունեության, 2020 թ․ պատերազմի, 2022 ու 2023 թթ-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով մենք կրեցինք բազմաթիվ մարդկային կորուստներ, կորցրեցինք նաև Արցախը և Հայաստանի տարածքի մի մասը։ Արդյունքում, երկիրը հայտնվել է խորը ճգնաժամում:
Ժողովրդի վիշտն ու ցավը խորացնում են նաև ներքաղաքական ցնցումները․ ընդդիմադիր գործիչների նկատմամբ ապօրինի և շինծու քրեական գործերը, ինչպես նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պառակտման ստոր փորձերը։
Եվ այս պայմաններում մենք հուսահատվելու կամ հույզերին մատնվելու իրավունք չունենք։ Մեր փրկությունը համազգային ներդաշնակության, միասնության և համախմբվածության մեջ է։
Հենց միասնականության շնորհիվ մենք կարողացանք ոտքի կանգնել 1988 թվականի երկրաշարժից հետո, և այսօր ևս պետք է միասնական ուժերով դուրս գանք ստեղծված իրավիճակից՝ հանուն պատերազմներում զոհված մեր հերոսների, հանուն 1988 թվականի երկրաշարժի զոհ դարձած մեր հայրենակիցների։
Խորին հարգանքով և երախտագիտությամբ մենք այսօր հիշում ենք օգնության կանչին արձագանքած փրկարարների, աղետի գոտում բնականոն կյանքը վերականգնելու համար օր ու գիշեր աշխատողների հերոսությունը։
Այդ մեծ ողբերգությունն ու վիշտը ոչ մեկին անտարբեր չթողեց։ Հայաստանին օգնության հասած բոլոր երկրների ու ժողովրդների միասնական եռանդը մնուն է միջազգային համերաշխ ու արդյունավետ համագործակցության վառ օրինակ:
Մխիթարության և զորակցության իմ խոսքերն եմ հղում բոլոր այն հայրենակիցներին, ովքեր աղետալի երկրաշարժի հետևանքով կորցրել են հարազատներին ու մերձավորներին, ընտանիքներն ու տները:
Խոնարհվում եմ զոհերի հիշատակի առջև և մաղթում նրանց ընտանիքներին առողջություն, տոկունություն ու արիություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն ու բարօրություն:
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ
գեներալ-մայոր Արշակ Կարապետյան